Այսօր «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության 4-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում. ԱԺ Աշխատակազմի Տեղեկատվության վարչության պետ Մարո Ասատրյանը ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենսդիր մարմնի գործունեությունը, պատգամավորների աշխատանքը:
Ուսանողները հետևեցին օրենսդրի հերթական քառօրյա նիստերի աշխատանքին. Մանկավարժական համալսարանի` խորհրդարան այցելած ուսանողների համար Ազգային ժողովում բաց դասը վարեց ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայոց բանակի ռազմական գործողություններին, միջազգային կառույցների արձագանքներին, տեղեկատվական պատերազմներին:
Խաղաղություն չկա, բայց չկա նաև պատերազմ.կա պատերազմական վիճակ, այդիսկ պատճառով պետք է ամեն ինչի պատրաստ լինել.«Եթե ցանականում ես ունենալ պետականություն, հայենիք, զորք, ապա պետք է վճարես. սա է անկախության գինը: Մեր դիմաց կանգնած է մի թշնամի, որը 20 տարի շարունակ փող և գումար է կուտակել: Վերջին օրերի իրադարձությունները սակայն ցույց տվեցին, որ նրանք որևէ հաջողության չեն կարող հասնել»:
ԱԺ փոխնախագահն իր դժգոհությունը հայտնեց միջազգային հանրության գնահատականների վերաբերյալ, ընդգծելով, որ այն իրեն ոչ միայն չի գոհացնում, այլև վրդովեցնում է.«Յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային շահը.մենք պետք է սովորենք հույսներս մեր վրա դնել, չմոռանալով, որ ավելի լավ է վատ խաղաղությունը, քան լավ պատերազմը.վերջինս գոյություն չունի»:
Էդուարդ Շարմազանովը, հանդիպման ընթացքում խոսեց նաև հանրային կարծիքի ձևավորման գործում լրագրողի դերի և կարևորության մասին, նկատելով, որ լրագրողի խոսքն առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան քաղաքական գործիչներինը:
Անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցների գործելակերպին՝ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց լրատվական դաշտի միասնականությունը, սենսացիոն և բացասական տեղեկատվության բացակայությունը, ինչը փոխել է երկրի բարոյահոգեբանական պատկերը:
«Լրագողի համար կարևոր է կիրթ և գրագետ լինելը, պակաս կարևոր չէ նաև պետական, ազգային շահը հաշվի առնելը»,- հավելեց Շարմազանովն ու ապագա մասնագետներին հորդորեց դառնալ փորձառու և ճաշակ թելադրող լրագրողներ:
Այցի ավարտին օրվա տպավորություններն ամփոփվեց Նիստերի դահլիճում ԱԺ փոխնախագահի հետ արված լուսանկարով: