ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժների բարեգործական այցերը
20.12.2016
Ապագա մանկավարժների բարեգործական այցերը

Օրերս Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը  կամավորական գործունեության շրջանակներում Ամանորին ընդառաջ այցեր  իրականացրին հատուկ դպրոցներ:

Նրանք եղան նախ Նուբարաշենի համար 11 մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցում, որտեղ խաղալիքներ նվիրեցին երեխաներին, իսկ ծնողներին՝ անհրաժեշտ պարագաներ և հագուստ:

1-ին կուրսի ուսանողները դպրոցում բեմականացրին «Չարի վերջը» հեքիաթը, ապա երգ ու պարով ամանորյա տրամադրություն ու շունչ հաղորդեցին երեխաներին:

Կամավորների հաջորդ կանգառը Շենգավիթ վարչական շրջանի Ջամբազյանի անվան համար 79 ներառական դպրոցն էր, ուր միջոցառմամբ հյուրերին դիմավորեցին աշակերտները: Այս դպրոցում ևս հանդիպումն ավարտվեց ամանորյա փոխադարձ շնորհավորանքներով, երգ ու պարով:

Ապագա մանկավարժների կամավորական նախամանորյա այցն ավարտվեց Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում բնակվող անապահով ընտանիքներ այցելությամբ. ուսանողների նախաձեռնությամբ ընտանիքներին տրված սնունդը, հագուստը, խաղալիքներն ու գրենական պիտույքներն իսկական նվեր էին նրանց համար:

Սկզբնական կրթության ֆակուլտետի կամավորների խոսքով՝ բարեգործական այցերը լինելու են շարունակական, ինչին կարող են միանալ բոլոր ցանկացողները: