Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետը 4-րդ տարին է համագործակցում է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ, որի շրջանակներում իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր:
Հերթական համագործակցության արդյունքում նոյեմբերի 10-11-ը ֆակուլտետի բակալավրիատի և մագիստատուրայի 26 ուսանող մասնակցեց կառույցի կազմակերպած ուսուցիչների և մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաների զարգացմանն ուղղված վերապատրաստումներին:
Ուսուցման որակի բարելավմանն ուղղված երկօրյա ձեռնարկը նախորդ ուսումնական տարում կազմակերպած վերապատրատումների լրացումն է, որի նպատակն էր նաև վերհանել սկզբնական կրթության ոլորտի հիմնախնդիրները, գտնել արդյունավետ լուծումներ՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կարողություններին և հմտություններին:
Ծանոթացման վարժություն, հետադարձ հայացք կատարված աշխատանքներին, մասնակիցների նախնական փորձի վերհանում, ուսուցչի չոփորոշիչների ներդրման գործընթաց, երեխայակենտրոն ուսուցման առանձնահատկություններ, «Քայլ առ քայլ» ծրագրի ուսուցչի մասնագիտական զարգացման գործիքի ուսումնասիրություն, գործնական աշխատանքների ներկայացում, քննարկում և ամփոփում.սրանք վերապատրաստումների առաջին օրվա հիմնական անելիքներն էին:
Ծրագրի ընթացքում ուսանողները կարողանում են գնահատել իրենց մասնագիտական հմտությունները, զարգացնել հետազոտական կարողություները. «Մասնակիցներին տրվում է գնահատման հստակ գործիք, որով ապագա մանկավարժը կարող է ուսումնասիրել ուսումնական գործընթացը, ուսուցչի գործունեության տարբեր ոլորտները և հստակ գնահատել, թե որ գործիքն ինչ կարողության համար է, և թե ուսուցիչն ինչպես պետք է վարվի ամենատարբեր իրավիճակներում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն ու հավելեց, որ ուսանողներից մի քանիսը նախորդ տարի նույնպես մասնակցել են ծրագրին, ինչի շնորհիվ հասկացել են իրենց թույլ և ուժեղ կողմերը, ձեռք բերել մասնագիտական համարձակություն:
«Քայլ առ քայլ»-ի վերապատրաստումների երկրորդ օրը մասնակիցներն անդրադարձան նախորդ օրվա կատարած աշխատանքներին, ապա եղավ գնահատման թերթիկի ներկայացում, տեսանյութերի դիտում, ուսուցչի աշխատանքի դիտարկում, անհատական գնահատում, դրանց արդյունքների խմբային քննարկում և այլն:
Ֆակուլտետի դեկանը, խոսելով ձեռքբերումների մասին նկատեց, որ արդյունքում ունեն ուսումնական լավ նյութ, ուսումնական ձեռնարկներ, որով ուսանողները կարող են հետազոտություն անել, գնահատել իրենց, հասկանալ՝ ինչպես աշխատել մասնագիտական ոլորտում.«Ուսումնական գործընթացի կազմակերպման այլ ձևեր են պետք. դաս-դասարանային, լսարանային համակարգը վաղուց սպառել է իրեն: Անհրաժեշտ է ուսումնական գործնեությանը վերաբերող նոր, տարաբնույթ ակտիվ ձևեր, որտեղ կլինի նաև մտքերի բախում: Սա ուսումնական գործընթացի ոչ ստանդարտ ձև է, որն ակտիվացնում է ուսանողին՝ նրա մեջ առաջացնելով կրթությունը շարունակելու ցանկություն ևս»,-հավելեց Հեղինե Խաչատրչյանը:
Ուսանողներն իրենք էլ անկեղծանում են՝ վերապատրատումներն օգնել են հասկանալ՝ քիչ բան չգիտեն, սակայն այդ ամենը համակարգելու, հմտություներն ու կարողությունները, իմացածը կիրառելու կարիք ունենին:
Այդ մասին old.aspu.am-ի հետ զրույցում նշեց նաև մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հասմիկ Համբարձումյանը, ով խոստովանեց ՝տպավորված է. «Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում վերապատրաստումներին. սա կարծես նախորդի տրամաբանական շարունակությունը լինի, որն օգնում է աշխատել մեծ խմբերով, սովորել մի շարք նոր մեթոդներ, հնարավորության դեպքում՝ նաև կիրառել»:
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի վերապատրաստումների գլխավոր փորձագետ Մարինե Մկրտչյանն էլ նշեց, որ վերապատրաստումների ընթացքում ուսանողների հետ քննարկել են «Ուսուցման որակի բարելավմանն ուղղված մասնագիտական զարգացման գործիք նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար» փաստաթուղթը:
Փորձագետը նշեց, որ վերապատրաստումների նպատակն է նաև ուսանողներին ներկայացնել որակյալ ուսուցման չափորոշիչները, քննարկել, ուսումնասիրել այն վարքագիծն ու անելիքները, որը չպետք է ունենա ուսուցիչը. «Սա ՀՊՄՀ-ի ուսանողների հետ անցկացվող 2-րդ վերապարաստումն է, որը դարձյալ հաստատեց՝ ապագա մանկավարժներն ունեն տեսական հսկա պաշար և բարձր մոտիվացիա. քննարկում են, հետաքրքրվում»:
Սեմինարի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Ի դեպ, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը կամավորական ակտիվ գործունեություն ծավալելու, դպրոցի ուսումնադաստիարակաչական գործընթացին լավագույնս մասնակցելու հավաստագրեր հանձնեց նաև ֆակուլտետի նախորդ տարվա շրջանավարտներ Լիլիթ Լևոնյանին, Նելլի Սմբատյանին և Աննա Մինասյանին: