ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժները Զանգակատուն համայնքում էին
15.03.2024
Ապագա մանկավարժները Զանգակատուն համայնքում էին

Մանկավարժական համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հինադրամի միջև համագործակցության շրջանակներում օրերս ապագա մանկավարներն այցելեցին Զանգակատուն համայնք։

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին ուղեկցում էին Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմինե Միքայելյանն ու «Դասավանդի՛ր, Հայաստան» -ի կարիերայի զարգացման կոորդինատորները։

Զանգակատան դպրոցը ներառված է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Սերունդ» ծրագրում։ Այն դպրոցների փոխակերպման նորարարական ծրագիր է, որի հիմնական նպատակն է վերաձևակերպել կրթությունը՝ աշակերտներին զինելով նորարարությունների և արագ փոփոխվող աշխարհում կողմնորոշվելու հմտություններով: Ծրագիրն իրականացվում է հուզական զարգացման և նախագծային ուսուցման խթանմամբ։

Ապագա մանկավարժների այցի նպատակն էր նորովի բացահայտել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը, գործնականում ծանոթանալ կիրառվող նորարարություններին, երեխաների հետ տարվող անհատական աշխատանքին, ինչպես նաև աշակերտակենտրոն միջավայրին, որ ստեղծում է յուրաքանչյուր ուսուցիչ-առաջնորդ։

Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան դպրոցում աշակերտների ակտիվ ներգրավվածությունն ապահովող գործընթացներին, եղան դասալսումներ տարրական չորս դասարաններում, ծանոթացան տարբեր դասարանների աշակերտների համայնքային ծրագրերին՝ ինչպես օրինակ «Զանգակ» ամսագրին, «Ամանէջ»-ին և այլն։

Հարցուպատասխանի միջոցով ուսանողներն առավել մանրամասն տեղեկացան ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին․ նրանց առավել քան հետաքրքեց «Դասավանդի՛ր, Հայաստան»- ի հեղիակային «Մայրենիք» խաղը, որն անցկացրին աշակերտները։ Աբովյանականներն ուսուցիչների և աշակերտների հետ համատեղ ունեցան նաև փակման շրջան, պարեցին խորհրդանշական «Քոչար»-ին, իսկ այց ամփոփեցին Պարույր Սևակի տուն-թանգարան այցով։