Ժամանակակից աշխարհի, նորագույն տեխնոլոգիաների, չափազանց արագ ռիթմի այս օրերին ընտրել բանասերի մասնագիտությունը նշանակում է դուռը ներսից կողպել, վերցնել հաստափոր գիրքը և կարդալ, կարդալ, կարդալ։ Բանասերի կրթությունը ստանալով՝ ուսանողը դպրոցական համակարգում դառնում է ուսուցիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի։
Արդեն երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի առօրյան այլ է․ գրեթե երկու ամիս գրատախտակի մոտ, դասի ու դասարանի տերը, աշակերտների սովորած կամ չսովորած լինելու պատասխանատուն և մշտապես շնորհակալ լինելով, որ քեզ հյուր են ընդունել իրենց խնամքով դասավորված ու զարդարած դասարաններում․․․
Դպրոցականները գարնանային արձակուրդի են, իսկ ուսանողները գիտեն թե «ազատ» շաբաթը ինչպես ծրագրավորել։
Ուսանողները ձեռքերը ծալած չեն նստում․ դրա ժամանակը ոչ ոք չունի։ Յուրաքանչյուր խումբ իր ղեկավարի հետ այցելում է որևէ պատմամշակութային վայր, նոր գիտելիք ստանում և օրը տոն դարձնում։ Մատենադարանից մինչև Հայաստանի պատմության թանգարան, Իսահակյանի տուն հյուր գնալուց մինչև Մանկավարժական համալսարանի թանգարան։ Թվում էր՝ այսքանը լիուլի բավական է մշակութային քաղցը բավարարելու համար, բայց բանասերները՝ այն էլ երրորդ կուրսեցիները, նշաձողը բարձր են դրել։ Խմբերով այցելություններն այլ են, ամբողջ կուրսով Չարենցին և Հովհաննես Թումանյանին հյուր գնալը՝ այլ։
Վ․ Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մի մասի հետ այցելություններ ունեցանք Երևանի սրտում գտնվող Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Այստեղ է 1935-1937 թվականներին ապրել հանճարեղ բանաստեղծը։ Հետաքրքիր էր ոչ միայն լսողի դերում գտնվելը, այլև երկխոսելն ու իմացածը վերհիշելը, վերարժևորելը։ Մարտի 13-ին լրացել է մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակը, և տարին չարենցյան է համարվում․ թանգարանում ուսանողներն ուսումնասիրեցին նաև «Ճանապարհ գրքով․ Չարենց 125» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Հրաժեշտ տվեցինք Չարենցին իր ու արդեն մեր «Ես իմ անուշ Հայաստանի․․․» բանաստեղծության տողերով։
Անմիջապես թանգարանի դռների մոտ որոշվեց, որ հաջորդ կայարանը Հովհաննես Թումանյանի թանգարանն է։ Առաջարկն ընդունվեց միաձայն, առարկումներ չկային։
Ուղիղ մեկ շաբաթ անց երրորդ կուրսի հետ միասին թումանյանական աստիճաններով բարձրանում էին բանասիրական ֆակուլտետի մագիստրոսները։ Թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանի ջերմ ընդունելությամբ և ուղեկցությամբ շրջեցինք թանգարանում՝ մշտապես տպավորված լինելով ամենայն հայոց բանաստեղծի կյանքի մանրամասներով։
Անի Եղիազարյանը պատրաստել էր ուշագրավ դասախոսություն, որը բանասերները լսեցին մեծ հետաքրքրությամբ։ Այն վերաբերում էր Թումանյանի հասարակական-քաղաքական գործունեությանը, որի մասին ամենից քիչն է խոսվում։ Ինչպես իրավացիորեն նշեց Վ․ Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրեն Ս․ Դանիելյանը, թեմայի ընտրությունն արդեն իսկ վկայում էր լսարանի հանդեպ ունեցած հարգանքի մասին, քանի որ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները առանձնակի հետաքրքրությամբ էին լսում թանգարանի տնօրենի խոսքը։
Ուսանողները շատ ոգեշնչված, նոր մտքերով և պատրաստակամությամբ են վերադարձել դպրոցներ՝ իրականացնելու կիրառական պրակտիկան։ Նման հանդիպումները նպաստում են ուսանողական կյանքի ակտիվությանը․ հայ ազգի մեծանուն մարդկանց օրինակներով ոգեշնչվելով՝ ուսանողներն իրենց գործունեությունը շատ ավելի բովանդակային և ազգանպաստ ծավալելու հնարավորություն են ունենում։