ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողները ներկայացրին իրենց մշակած մեթոդները
25.03.2022
Ուսանողները ներկայացրին իրենց մշակած մեթոդները

Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական մանկավարժ» մանագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Մանկավարժական հաղորդակցում և էթնոմանկավարժություն» դասընթացի շրջանակներում Մանկավարժության ամբիոնի դասախոսական կազմին ներկայացրին դասի անցկացման իրենց մշակած մեթոդները:

Առարկան դասավանդող դասախոսը՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Հովհաննիսյանը նկատում է՝ «Մեթոդարան» փաթեթով ներկայացված 21 մեթոդներն իրենց նախատիպը չունեն այլ բուհերում.«Ուսանողները, տարբեր մեթոդներ ուսումնասիրելու արդյունքում, ստեղծել են իրենցը՝  հստակ պատկերելով նպատակ, ընթացք, վերջնարդյունք»:

Սոցիալական մանկավարժները նկատում են՝ իրենց մշակած «Հինգ մատների մեթոդ», «Արևի շողերը», «Չորսից մեկը», «Մտարշավ», «Տարվա եղանակները» և մյուս մեթոդներն ուղղված են ինտերակտիվ ուսուցման և խմբային աշխատանքի ակտիվացմանը, սովորողի համար դասն առավել հետաքրքիր, արդյունավետ, մատչելի ու դյուրին դարձնելուն: Դասապրոցեսում կիրառման ընթացքում՝ մեթոդները  կենթարկվեն լրացուցիչ մշակման:

Վստահ են՝ դրանք կարող են ձևավորել և զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, քննադատական վերլուծության կարողություններն ու հմտությունները, համագործակցելու, հետազոտելու և ստեղծագործական ունակությունները, ամրապնդել հիշողությունը:

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսր Աիդա Թոփուզյանը փաստում է՝ ներկայացված բոլոր մեթոդները 21-րդ դարի հմտությունների ձևավորմանն են ուղղված. դրված են ճիշտ նպատակներ և վերջնարդյունքներ, և այդ առումով ուսանողները լավ աշխատանք են կատարել:

«Դուք պետք է կարողանաք վերհանել ձեր իսկ ստեղծած մեթոդների թերություններն ու մարտահրավերները, նաև առաջինը կիրառեք այդ դրանք»,- հավելեց Աիդա Թոփուզյանը:

Պրոֆեսորն ուսանողներին հորդորեց նմանատիպ մեթոդներ մշակել նաև իրենց մասնագիտության համար.սովորաբար, դրանք կիրառվում են ինչպես դպրոցական տարբեր տարիքի աշակերտների, այնպես էլ ուսանողների համար:

Ամփոփելով դասը, Մանկավարժության ամբիոնի վարիչն իր գոհունակությունը հայտնեց ուսանողների և դասախոսի կատարած համատեղ աշխատանքի վերաբերյալ, նշելով՝ ստեղծված մեթոդները կարող են տպագրման նյութ դառնալ: