ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապրիլյան ցուցադրություն
08.04.2016
Ապրիլյան ցուցադրություն

Ապրիլի սկիզբը` լի քառօրյա պատերազմի տխրությամբ ու հիշողություններով, համընկավ Մայրության ու գեղեցկության տոնին: Ու թեև երկկողմ պայմանավորվածությամբ հարաբերական լռություն է սահմանին, բայց կրակոցներ են պարբերաբար հնչում, ՀՊՄՀ-ի ուսանողներն իրենց մեջ ցուցադրությամբ հանդես գալու ուժ գտան՝ ներկայացնելով հայ ստեղծագործ մտքի ու ոգու ամրությունը:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում զոհվածների հիշատակը, ապա Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը շնորհավորեց ուսանողներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ` մաղթելով անսահման սեր. «Սիրեք միմյանց, ապրեք խաղաղ երկնքի տակ, ու թող որևէ պատերազմ չխաթարի այդ սերը»:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը վստահեցրեց, որ ցուցադրության են ներկայացվել եզակի` տեխնիկայով և մտահաղացմամբ լավագույնները ճանաչված ստեղծագործություններ, և դիմելով ուսանողներին` հորդորեց ստեղծագործել նաև կիսամյակի պահանջներից դուրս, արվեստի գործեր դարձնել նոր ու հետաքրքիր մտահղացումներ. « Ձեր ուժը արվեստի մեջ է. հայրենիքին ծառայեք ձեր արվեստով»:

Արվեստի տեսաբան Վարդիթեր Գամաղալյանն էլ այս օրերին ցուցադրության կազմակերպումը խրախուսելի համարեց` նշելով, որ հայ ազգը մշտապես պետք է ստեղծագործի:

Բուհի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, դիմելով ստեղծագործությունների աղջիկ հեղինակներին, վստահեցրեց. «Դուք եք հայ տղամարդուն ոգեշնչողն ու ոգևորողը. հերոս տղաները մեր հրաշալի մայրերի զավակներն են ու դաստիարակության պտուղը»:

Ցուցահանդեսի նախաձեռնող և կազմակերպիչ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Զարուհի Խաչատրյանը շնորհավորեց ուսանողներին տոնի կապակցությամբ, ապա ներկայացրեց մրցույթում լավագույն ճանաչված ուսանողների անունները` Արմենուհի Խաչատրյան, Մարուսյա Մանասյան, Աննա Մարգարյան, Վիկտորյա Ղազարյան, Լիլիթ Գալոյան:

Վերջիններս մրցութային հանձնաժողովի կողմից արժանացան պատվոգերի:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցոցահանդեսն ուղեկցվեց ջութակահարների երաժշտությամբ: