ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջին օգնություն՝ մշակութային ժառանգությանը
19.02.2025
Առաջին օգնություն՝ մշակութային ժառանգությանը

Թանգարանի միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) նախագահ Հայկ Մկրտչյանը ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանին, Գրադարանին և Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնին նվիրեց «Առաջին օգնություն մշակութային ժառանգությանը ճգնաժամային իրավիճակներում» ձեռնարկն ու գործնական ուղեցույցը։

Գրքերը հրատարակվել են ՀՊՄՀ Պատմության թանգարանի տնօրեն, դոցենտ Ալվարդ Գրիգորյանի խմբագրմամբ․ դրանք նախատեսված եմ «առաջին օգնության» գործընթացները համակարգելու և հետագա ուսումնասիրությունները, գործողություններն ու իրազեկումը խթանելու համար։

Ինչպես նշեց Հայկ Մկրտչյանը՝ Գիրք նվիրելու օրը լավ առիթ է կարևոր ձեռնարկները Հայաստանի 120 կրթական և մշակութային կառույցների հանձնելու համար․ դրանք ԻԿՕՄ Հայաստանի  և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի համատեղ աշխատանքի արդյունքն են։

Հայկ Մկրտչյանը նկատում է՝ ձեռնարկն ու ուղեցույցը  բացատրում են «առաջին օգնություն մշակութային ժառանգությանը» հասկացությունը, այն է՝ անհապաղ և փոխկապակցված  գործողություններ, որոնք ձեռնարկվում են  կայունացնելու և նվազեցնելու  վտանգված նյութական և  ոչ նյութական  մշակութային ժառանգության ռիսկերը՝  ի նպաստ դրանց վերականգման։

Ձեռնարկը սահմանում է նաև մշակութային  ժառանգության առաջին օգնության առանձնահատկությունները, որոնց համակարգված  իրագործման դեպքում հնարավոր կլինի  նվազեցնել աղետից տուժած բնակչության խոցելիությունը։

«Ճգնաժամային իրավիճակների սպառնալիքը համաշխարհային  հանրության  օրակարգում է դնում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մի շարք հրատապ հարցեր»-old.aspu.am –ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն ու կարևորեց հրատարակված ձեռնարկները։