Մանկավարժական համալսարանի Պատմության թանգարանը հուլիսի 3-9-ը Իտալիայի Միլան քաղաքում կայացած ԻԿՕՄ-ի 24-րդ վեհաժողովին ընդառաջ հայտարարված «Լավագույն աուդիոգիդ» մրցույթում մասնակից 30 երկրների շարքում սահմանված 3 մրցանակային տեղերից զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:
Մրցույթին ներկայացված աուդիոգիդը կրում էր «Armenia the land of living stones» (Հայաստան` խոսող քարերի երկիր) խորագիրը, որը բացահայտում է Հայաստանի 23 հուշարձանների առեղծվածները, պատմում գեղատեսիլ բնության ու ազգային ավանդույթների, ճարտարապետական հորինվածքների մասին:
Թանգարանը հեղինակել է նաև 4 աուդիոպատմություն, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու Երևանի թանգարաններին, մայրաքաղաքի հայտնի և անհայտ հուշարձաններին և Երևանի մետրոպոլիտենի պատմությանը:
Թանգարանի ավագ գիտաշխատող Մարիաննա Մանուչարյանը վեհաժողովին ներկայացրեց համալսարանի թանգարանի և IZI.travel-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունն ու մրցույթում հաղթած իր աշխատանքը:
Վեհաժողովը սկիզբ դրեց հետագա նոր համագործակցությունների, ծրագրերի և հանդիպումների:
«Վեհաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին և բարձր գնահատեցին կատարված աշխատանքը՝ այն որակելով որպես հսկայական ու հայրենանվեր քայլ` սեփական երկիրն ու բուհը ներկայացնելու գործում»,-old.aspu.am-ի հետ զևրուցում նշեց Մարիաննա Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի թանգարանի և IZI.Travel միջազգային կազմակերպության համագործակցությունը սկսվել է դեռևս 2013թ-ին` Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ-ի) 23-րդ վեհաժողովի շրջանակներում:
Համալսարանի թանգարանը Հայաստանում առաջինը գործարկեց IZI.travel ծառայության աուդիոգիդ անվճար ծրագիրը: