«20-րդ դարի 30-50-ական թվականներին տարածված էր այն տեսակետը, որ հավատը՝ կրոնը, հակադիր է գիտելիքին: Սակայն, դա սխալ կարծիք է. կրոնը ևս գիտելիքի տեսակ է, և մյուս տեսակներից տարբերվում է իր հիմնական բովանդակությամբ և այդ բովանդակության իմացության միջոցներով»,-«Արարչագործության փիլիսոփայությունը և Հայաստանը» խորագրով բաց դասախոսության ընթացքում նշեց ՀՊՄՀ պրոֆեսոր, Հասարակագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Քաղաքական գիտությունների դոկտորը պատմափիլիսոփայական տեսանկյունից կարևորեց հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքակրթական առաքելության և պատմության հիմնախնդիրների ուսումնասիրությունն ու իմաստավորումը:
Բանախոսը նկատում է՝ որոշակի կաղապարների հաղթահարմամբ, ակնհայտ է դառնում, որ խոսքը Հայաստանի արարչագործական ծագման մասին է, ինչի վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում տեսակետն են հայտնել համաշխարհային մեծության դեմքեր:
Պրոֆեսոր Շիրինյանը նման օրինակ համարեց գերմանացի փիլիսոփա Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցին, որը ժամանակին ասել է՝ եբրայերենից և արաբերենից այնքան տարբեր հայերենը, լեզու է այն երկրի, որտեղ անկասկած Մովսեսը հիմնել է երկրավոր դրախտը:
Լևոն Շիրինյանն իր ելույթում ցավով նկատեց՝ ժամանակի ընթացքում հայ ժողովուրդը կորցել է իր առավելություններն ու ավանդույթները, իսկ այսօր, երբ կանգնած է նոր աշխարհակարգի փոփոխության առջև, պետք է վերագտնի Հայաստանն ու Աստծո «նվիրած» խաչմերուկի առանձնահատկությունը. «Արարչագործությունը մեր երկրի առավելությունն է, որով կարող ենք հանդես գալ որպես քաղաքական բնօրրան: Մենք պարտավոր ենք վերակազմավորվել. յուրաքանչյուր սերունդ փիլիսոփայական վերակառուցման խնդիր ունի: Պետության թուլությունը հրահրում է հարձակում, որն անխուսափելի է դարձնում պատերազմը»:
Բաց դասախոսությանը ներկա ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը կարծում է, որ արարչագործության փիլիսոփայությունը գոյաբանական և իմաստաբանական առումով վիճահարույց է, սակայն ներկաների համար հսկայածավալ դաշտ է ստեղծում հարցադրումների համար:
Դրանց մի մասը գիտության, մյուսն էլ՝ կրոնագիտության ոլորտում է. երկու դեպքում էլ, սակայն, բազմաթիվ են այն գործոններն ու շեշտադրումները, որոնք կձևավորեն աշխարհայացք` արարաչագործության փիլիսոփայության հիմնական դրույթները հասկանալու համար:
Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրնինյանը դասախոսության ընթացքում խոսեց նաև քաղաքական փիլիսոփա, պրոֆեսոր Ջոզեֆ Նայի՝ «խելացի ուժ»՝ «փափուկ» և «կոշտ» ուժերի համադրության մասին, նկատելով, որ այս տեսություններն են ընկած պետությունների ռազմավարության և մի շարք երկրների հզորացման հիմքում: