ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպում՝ ARMDOCT ծրագրի շրջանակներում
11.10.2023
Առցանց հանդիպում՝ ARMDOCT ծրագրի շրջանակներում

Ավարտին է մոտենում Էրազմուս+ կարողությունների զարգացման եռամյա ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագիրը: 

Ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ և ազգային քաղաքականության, իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով՝ բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում։  

Այսօր կայացավ ծրագրի նախաամփոփիչ առցանց հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի հայաստանյան գործընկերները, այդ թվում նաև՝ ԿԳՄՍ նախարարութան ներկայացուցիչները։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, որպես ՀՊՄՀ աշխատանքային խմբի ղեկավար:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի հայաստանյան գործընկեր բուհերի կողմից աշխատանքային չորրորդ փաթեթով նախատեսված դոկտորական դպրոցների գործարկման ընթացքը, կառուցվածքը, գործունեության ծրագիրը, ինչպես նաև հիմնական մարտահրավերները:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ում գործարկվում է հատուկ և ներառական կրթության միջառարկայական դոկտորական դպրոց: Համալսարանների ներկայացուցիչները քննարկման ընթացքում նշեցին, որ դոկտորական դպրոցների գործարկմանը վերաբերող հիմնական խնդիրները կապված են դոկտորական ծրագրերի նոր մանագիտացումների դասիչների, ինչպես նաև մի շարք այլ ընթակարգային և իրավական հարցերի հետ: Քննարկման արդյունքում որոշում ընդունվեց խնդրիները գրավոր ներկայացնել նախարարություն՝ համապատասխան լուծումներ ստանալու նպատակով:

ARMDOCT ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, որին կմասնակցեն ծրագրի գործընկերները ՀՀ-ից և եվրոպական համալսարաններից, ինչպես նաև կրթական և հետազոտական համայնքի այլ կազմակերպություններ և շահառուներ: