Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացրին առցանց մշտադիտարկում ծրագրի ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի հետ:
Մշտադիտարկման նպատակն էր ծանոթանալ ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներին, համակարգման հետ կապված հարցերին, ինչպես նաև ընթացքի և արդյունքների տարածմանը ՀՊՄՀ-ում:
Գրասենյակի աշխատակիցները գնահատեցին ծրագրի ընթացքն ըստ հաստատված ժամանակացույցի և բյուջեի, ապա տվեցին ծրագրի բարելավմանն ուղղված առաջարկներ ու խորհուրդներ:
ՀՊՄՀ-ի համակարգող թիմում էին Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, նույն բաժնի աշխատակցուհի Ռաիսա Ավետյանը, Մաթեմատիկայի և դրա դասավանդման ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման ամբիոնի դոցենտ Սամվել Ասատրյանը և Որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մարիամ Գևորգյանը:
Վերջիններս ներկայացրին ծրագրի իրականացված գործողությունները և ձեռքբերումները:
Նշենք, որ Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին։ Ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: ՀՊՄՀ-ն հանդիսանում է ծրագրի գործընկեր համալսարան: