Հեռուստառեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ ներկայացվեց Վահե Քաչայի՝ «Գավազանը» պիեսի բեմադրությունը:
Ռեժիսոր, դոցենտ Սամվել Միքայելյանը բեմադրության մեջ խտացրել էր այն ասելիքն ու կոչը, որ կա ստեղծագործության հիմքում՝ պահանջատեր լինել ճշմարտության համար:
Հանցագործը բանտում է, ինչն անկարելի բան է նրա կույր եղբոր՝ Գեստարմուսի համար. նրա պահանջով պետք է վերանայել դատական գործը:
Ատենակալների անվտանգությունը սպառնալիքի տակ է. նրանք Գեստարմուսին հորդորում են մեղադրել օրենքներին և հարձակվել արդարադատության վրա: Չնայած բոլոր միջոցներին՝ Գեստարմուսը պնդում է՝ ինքը չի լռելու, չի հանդուրժելու, նրա համար միակ ելքը սպառնալիքի կիրառումն է:
Պայթուցիկ նյութով լի գավազանը ստիպում է ատենակալներին հնարավոր ու անհնարին միջոցներ գտնել, ովքեր սենսացիոն հայտարարություն անելու կոչով եկել են Գեստարմուսի տուն:
«Յուրաքանչյուր հավաքականության մեջ ամեն մեկը մեղքի տարբեր բաժին ունի, իսկ մահվան դատապարտվածին հեշտ չէ ազատություն շնորհել»,-պնդում են ատենակալները:
«Դատավորները փողով լցված աչքածակեր են»,-համոզված էր Գեստարմուսը, ում արդարության պահանջին լարվածության մեջ հետևում էր նաև հանդիսատեսը. գավազանի ուժը կարծես իրականացրեց գլխավոր հերոսի ցանկությունը:
Ռեժիսորը՝ Սամվել Միքայելյանը, գոհ է ուսանողների աշխատանքից, նրանց պետք է դնել տարբեր իրավիճակների մեջ և փորձել հասունացնել:
«Ես համաձայն չեմ այն մտքին, թե ներկայիս երիտասարդները զիջում են իրենց կարողություններով. պետք է կարողանալ բացահայտել նրանցից լավագույններին և ուղղորդել նրանց մասնագիտական ոլորտում»,-հավելեց ներկայացման ռեժիսորը: