Մանկավարժական համալսարանում է Մինեսոտայի համալսարանի փորձագիտական թիմը:
Աշխատանքային առաջին օրը նախապատրաստվեցին համադասավանդումների և վարպետաց դասերի նյութերը, ֆոկուս խմբերը հստակեցրին քննարկման թեմաները, եղան աշխատանքային հանդիպումներ:Երկու կողմերի միջև ստորագրվեց հուշագիր, որը հնարավորություն կտա ընդլայնել հետազոտական և դասավանդման կարողությունները:
Մինեսոտայի համալսարանի հետազոտական թիմին ընդունեց նաև բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Ռեկտորը ողջունեց թիմի մասնակիցներին՝ Ռենատա Տիչային, Բրայեն Էբերիին, Սյուզան Օ՛Կոննորին, Քրիստոֆեր Ջոհնստոնին, և պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով: Ռեկտորը հույս հայտնեց, որ թիմի մասնակիցների շնորհիվ հնարավոր կլինի շարունակել հետագա համագործակցությունը և հետազոտական կլինիկայի համատեղ հիմնադրմամբ՝ ամրապնդել երկկողմ համագործակցությունը:
«Յուրաքանչյուր հետազոտական ծրագրի ավարտից հետո գալիս է մի շրջան, երբ անհրաժեշտություն կա պահպանել հարաբերությունները և կայուն զարգացնել ստեղծված կապերը: Որպես գիտնականներ, ձեզ համար հետաքրքիր կլինի կատարել հետազոտություններ և հաշվի առնել մեր երկրի առանձնահատկությունները, դրանք համեմատել այլ երկրների հետ»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց, որ ակնկալվում է ամերիկացի գործընկերների աջակցությունը հետազոտական կլինիկայի հիմնադրման գործում:
Մինեսոտայի համալսարանի հետազոտական թիմի անդամները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին պարգևի, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Մանկավարժական համալսարանին՝ համատեղ նախագիծն իրականացնելու համար և վստահեցրին՝ հպարտ են վերջնարդյունքներով:
15 գլուխներից բաղկացած ներառական կրթության դասագիրք, գործնական հիմնախնդիրներին առնչվող 4 վեբինարների ստեղծում, «Ներառական կրթություն» դասընթացի, մատուցվող նյութի բովանդակության, թեմաների վերանայում և այլն. սրանք նախագծի շրջանակներում հայ-ամերիկյան աշխատանքային խմբի արդյունքներն են, որոնք կոնկրետ օրինակներով կամփոփվեն սեպտեմբերի 28-ին կայանալիք՝ «Ճանապարհ դեպի ներառականություն» մեկօրյա սիմպոզիումի ընթացքում:
Ամերիկյան գործընկերները վստահեցրին՝ ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի հետ արդյունավետ համագործակցությունը նպաստեց, որ իրենք նույնպես փնտրեն նախագիծը շարունակելու հնարավորություններ. «Հետազոտական կլինիկայի ստեղծումը համընկնում է բուհի հետ հետագա համագործակցության մեր տեսլականին: Պետք է խոստովանենք, որ մենք նույնպես շատ բան սովորեցինք հայ գործընկերներից»,-հավելեցին խմբի անդամները:
Նրանք այն կարծիքին են, որ ներառական կրթության ոլորտում Մանկավարժական համալսարանը հետազոտական կենտրոն է ամբողջ երկրի համար, իսկ բուհերի միջև համագործակցությունը համարում են լավագույն ուղին մասնագետներին մեկտեղելու, հետազոտություններ իրականացնելու և վերջնարդյունքները գործնականում կիրառելու գործում:
Մինեսոտայի համալսարանի փորձագիտական խմբի աշխատանքային օրը շարունակվեց հայ և ամերիկացի գործընկերների համադասավանդումներով՝ ներառական դպրոցի համադասավանդմանը, արձագանքի միջամտության և այլ թեմաների վերաբերյալ:
Նշենք, որ 2016 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակը նախաձեռնեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Մինեսոտայի համալսարանների միջև համագործակցություն, որի նպատակն էր ՀՊՄՀ-ի դասախոսական անձնակազմին փոխանցել համապատասխան միջազգային վարչարարական փորձառություն՝ վերանայելու ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը, ինչպես նաև կիսվելու ներառական կրթության ոլորտում իրենց տեսական և գործնական փորձով: