Հայրենիքի սահմաները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցմամբ իրավագիտության բաժնի մագիստրոս Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը Սիսիան քաղաքից էր, աշխատում էր ՀՀ ՊՆ-ում, ավագ լեյտենանտ էր: Կուրսընկերներն ընդգծում են՝ թեև աշխատանքի պատճառով հաճախ բացակայում էր դասերից, բայց նախատեսված ժամկետում հաջողությամբ ու բարձր գնահատականներով էր հանձնում քննությունները, լրացնում բացթողումները:
«Տխուր եմ, բայց հպարտ...Ավագ լեյտենանտին վայել փայլուն կատարեցիր քո առջև դրված մարտական գործողությունը: Քո կյանքի գնով փրկեցիր կյանքեր: Հպարտ եմ, որ ունեմ քեզ նման եղբայր»,-նշել է Արմեն Գրիգորյանի քույրն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արմեն Գրիգորյանի հարազատներին, զինակիցներին, ընկերներին։