Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ արդեն երկրորդ անգամ Հատուկ կրթության ֆալուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոսներն ու մագիստրոսները այցելում են բուհի №57 հիմնական դպրոց:
Ձեռնարկի ողջ ընթացքում հնչեց մանկական դասական երաժշտություն, որի ընթացքում աշակերտները նկարեցին, ստեղծագործեցին կավով, այլ նյութերով և կիրառեցին արտթերապիայի մի քանի տեխնիկաներ:
Դասախոսներ Ալվինա Հայրապետյանի, Սոսե Խաչիբաբյանի և ապագա արտ-թերապևտների օգնությամբ դպրոցում ստեղծվել էր իսկական ստեղծագործական մթնոլորտ, ինչը աշակերտների ծնողների խոսքով՝ ուսումնական տարվա հետաքրքիր ավարտ էր:
Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը երկուստեք անակնկալներ էին պատրաստել. երեխաները հյուրերին նվիրեցին իրենց կատարումները, իսկ դասախոսների և ոսւանողների նախաձեռնությամբ հենց տեղում կազմակերպվեց երեխաների աշխատանքների ցուցահանդես: Նրանց ոգևորությունն էլ ավելի բազմապատկվեց, երբ իմացան, որ այդ աշխատանքներն արդեն իրենցն է:
«Արտթերապևտիկ միջոցառման ընթացքում մասնակից երեխաներն ապրեցին ստեղծագործական ընթացքի հաճույքը և վերջինիս շնորհիվ անցան ինքնաբացայայտման շատ կարևոր ճանապարհ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին դասախոսները՝ հավելելով, որ ձեռնարկը կարևոր քայլ էր երեխաների տոնական օրը կրկնապատկելու համար. նրանք շփվեցին գեղեցիկի հետ, բացահայտեցին դրա ստեղծման գործում իրենց կարողություններն ու հմտությունները:
Դասախոսները պատրաստակամություն և ցանկություն հայտնեցին, որ ձեռնարկը լինի շարունակական: