ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արտ-թերապևտները տիկնիկաթերպիայի գաղտնիքների մասին
31.03.2016
Արտ-թերապևտները տիկնիկաթերպիայի գաղտնիքների մասին

Հատուկ կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոսներ, պրակտիկ արտ-թերապևտներ Ալվինա Հայրապետյանը, Սոսե Խաչիբաբյանը և «Արտ-թերապիա» մասնագիտացման մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ բուհի կին դասախոսներին, աշխատակիցներին հրավիրել էին մասնակցելու «Իմ տիկնիկը» խորագրով միջոցառմանը:

«Արտ-թերապիան բուժումն է արվեստի միջոցով, տիկնիկաթերապիան՝ արտ-թերապիայի մի քանի ուղղությունների մեկտեղումը»,-նշեցին բաժնի մագիստրոսները և ծանոթացրին խորհրդավոր մեթոդի՝ տիկնիկաթերապիայի սկզբնավորմանը, կիրառման ուղղություններին, նպատակներին և մեր երկրում մեթոդի դրվածքին:

Խամաճիկ, խոշոր, հարթաչափական, ստվերային, թելե տիկնիկներ և այլն. սրանք տիկնիկների այն տեսակներն են, որոնցով իրագործվում են մեթոդի հիմնական նպատակները՝ սոցիալական հմտությունների, երևակայության, ստեղծարարության, խոշոր և մանր մոտորիկայի ու նաև խոսքի զարգացում:

Ինչու՞ հենց տիկնիկ հարցին արտ-թերապևտները պատասխանեցին, որ տիկնիկների միջոցով հնարավորել է կառավարել հույզերը, ինքնաարտահայտվել, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերն ու կարգավորել ընտանեկան հարաբերությունները:

Միջոցառման ընթացքում ներկաները նաև տիկնիկ պատրաստեցին. նախապես տրամադրված զանազան աքսեսուրաներ համադրելով՝ նրանք ստեղծեցին իրենց պատկերացումները, հույզերն արտահայտող մարդու և տիկնիկի սեփական կերպարները:

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին նախաձեռնության իրականացման համար՝ բարձր գնահատելով նրանց գործնական հարուստ փորձը, իսկ մասնակիցներն էլ վստահեցրին՝ յուրքանչյուրի կյանքում տիկնիկն ունեցել է առանձնահատուկ դեր ու նշանակություն, որ եկել է մանկությունից և ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: