ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արտաշես Քեշիշյանը՝ միջազգային ցուցահանդեսի դափնեկիր
13.02.2016
Արտաշես Քեշիշյանը՝ միջազգային ցուցահանդեսի դափնեկիր

Վերջերս Մոսկվայում կայացավ Ժամանակակից դիզայնի երրորդ միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Ռուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի, Դիզայներների միության միջազգային ասոցիացիայի և Ռուսաստանի նկարիչների միության հովանու ներքո:

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Քեշիշյանը՝ «Մեր արմատները» հարթապատկերային աշխատանքով:

Պատկերահանդեսում արվեստասեր հասարակությունը ծանոթացավ տարբեր երկրների ստեղծագործողների գործերին՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դիզայն:

Խստապահանջ հանձնաժողովը՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, Դիզայներների միության միջազգային ասոցացիայի նախագահ Անդրեյ Բոբիկինը, Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Կոնստանտին Խուդյակովը բարձր գնահատեցին Արտաշես Քեշիշյանի աշխատանքը՝ նրան շնորհելով դափնեկրի կոչում:

Ի դեպ, ՀՊՄՀ-ի պրոֆեսորի «Մեր արմատները» հարթաքանդակում պատկերված են հեղինակի պապն ու տատը, երիտասարդ հայրն ու տիկնիկը ձեռքին աղջնակը: Նրանք եկեղեցու ներսում են, իսկ պատուհանից ներթափանցող արևի ճառագայթները լուսավորում են Հայոց կոտորածից նահատակված արվեստագետի նախնիներին:

Դասական արվեստի սկզբունքով կատարված հարթաքանդակն իր գեղագիտական բարձր մակարդակով կրկին աշխարհին հիշեցրեց 20-րդ դարի 1-ին ոճրագործությունը: