ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արվեստ՝ ապագա մանկավարժների աշխատանքներում
23.06.2016
Արվեստ՝ ապագա մանկավարժների աշխատանքներում

Մանկավարժական համալսարանում ավանդույթ են դարձել տարբեր առարկաների շրջանակում կազմակերպել ձեռագործ աշխատանքների ցուցադրությունները:

Այսօր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռակա 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրին Արտ-թերապիա և կերպարվեստ առարկայի դասաժամերին բնական նյութերից պատրաստված ավելի քան 25 աշխատանք, որոնցում դրսևորվել էին ապագա հոգեբան-մանկավարժների ստեղծագործական ինքնուրույն մոտեցումները:

Առարկայի դասախոս Ժաննա Խաչատրյանը բարձր է գնահատում վերջիններիս աշխատասիրությունն ու նախաձեռնողականությունը և ցանկություն հայտնում, որ աշխատանքները էլ ավելի մեծ թիվ կազմեն, լինեն որակական առավել բարձր մակարդակում:

«Աշխատանքներից յուրաքանչյուրի պատրաստումը կնպաստի երեխաների տարբեր հոգեկան խնդիրների առողջացմանը, մանր մոտորիկայի զարգացմանը, նյարդային համակարգի թուլացմանը կամ ցանկացած որևէ խնդրի լուծմանը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ժաննա Խաչատրյանը՝ հավելելով, որ ցուցադրությունն ուղղված է ուսանողների մասնագիտական և ստեղծագործական որակների ձեռքբերմանն ու զարգացմանը:

Ուսանողուհի Սուսաննա Մինասյանը ցուցադրության էր ներկայացրել իր պատրաստած, բոլորի քաղցրահամ տորթը, որը, նրա կարծիքով՝ ևս ունի արտ-թերապևտիկ նշանակություն. «Տորթ պատրաստելը գեղագիտական հաճույք պատճառող գործընթաց է. երբ ձեռքի շնորհք ես ներդնում և ստանում դրական արդյունքներ, հանգստանում ես»:

Ոգևորության հետ մեկտեղ Սուսաննա Մինասյանը ափսոսում է՝ հեռակա համակարգում սովորելը հնարավորություն չի տալիս ներկայացնել ստեղծագործական ողջ ներուժն ու ցանկությունը. չէ՞ որ յուրաքանչյուր գործում ոգի և աշխատասիրություն ներդնելով՝ ցանակացած պայմաններում կարելի է ստեղծագործական դրսևորում գտնել:

Ուսանողների խոսքով՝ իրենցից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չէր խնայել գեղեցիկ, յուրովի ներկայանալու համար. նրանք վստահ են՝ արտ-թերապիան, որ բառացիորեն նշանակում է բուժում արվեստի միջոցով, ձևավորում է կյանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունք, նպատակների իրականացման նորանոր տեսանելի հորիզոններ:

ՀՊՄՀ-ի Մշակույթի կենտրոնի աջակցությամբ կայացած միջոցառումն ուղեկցվեց բուհի ջութակահարների անսամբլի կատարումներով: