Բրինձ, ոսպ, հնդկաձավար, սուրճ, գունավոր կոճակներ, տերևներ, խմոր, գուաշ, բնական հումքից ստացված այլ նյութեր. այս ամենը ապագա մանկավարժների ձեռքում վերածվում են գեղարվեստական հետաքրքիր ու յուրօրինակ աշխատանքերի:
«Ժամանակակից տեխնոլոգիաները կերպարվեստում» թեմայով գիտագործական սեմինարի ընթացքում նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, նախադպրոցական մանկավարժություն ու մեթոդիկա և տարրական կրթություն բաժինների 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները «Կերպարվեստի դասվանդման մեթոդիկա» առարկայի շրջանակում ներկայացրին կերպարվեստի ազատ ստեղծագործական բնույթի 350-ից ավելի աշխատանք:
Ճեպանկարները, կոլաժները, գեղարվեստական ոճի այլ աշխատանքները պատրաստված էին միմիայն բնական նյութերով: Հիմք ընդունելով անցյալի և իրենց ուսումնասիրությունների փորձը՝ ուսանողների աշխատանքներով ներկայացված էր կերպարվեստի ժամանակակից տեխնոլոգիաները՝ 5-8 տարեկանների համար:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Խաչատրյանը, մեջբերելով Վ. Ա. Սուխոմլինսկու խոսքերը՝ «Որքան մեծ է մանկական ձեռքի հմտությունը, այնքան խելացի է նա», նկատեց, որ տարբեր ժամանակաշրջաններում գեղարվեստական դաստիարակությունը հատուկ նշանակություն է ունեցել երեխայի կրթության, դաստիարակության և զարգացման գործում:
«Կերպարվեստը իր տեսակներով հանդիսանում է լավագույն միջոցը ժամանակակից կրթական համակարգում երեխայի գեղարվեստական գործունեությունը լիարժեք կերպով իրականացնելու համար: Ուսումնառության ընթացքում տեսական և գործնական դասաժամերին ուսանողներին սովորեցրել ենք ժամանակակից տեխնոլոգիաներով, բնական նյութերով հորինվածքների ստեղծման ձևերը, քանի որ բնական նյութերի կիրառումը կերպարվեստում հաստատել են դարերի ընթացքում մարդկությանը հայտնի գեղարվեստի գործիչները՝ իրենց հարուստ փորձով ու գլուխգործոցներով»,-նշեց Ժաննա Խաչատրյանը:
Դոցենտը վստահեցրեց՝ բազմաթիվ աշխատանքերի արդյունքում եզրահանգել են, որ ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական տարիքում կերպարվեստի ժամերին ցանկալի է աշխատել բնական հումքից ստացված նյութերով, քանի որ դրանք նպաստում են երեխայի առողջության պահպանմանը, կոնստրուկտավորման հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, իմացական գործընթացների խթանմանը, երևակայության ակտիվացմանը, կամային որակների զարգացմանը, գեղարվեստական կրթության գիտելիքների պաշարների հարստացմանը և այլն:
Ցուցադրվեց նաև աշխատանքերի կատարման ընթացքը պատմող տեսանյութ:
Սկզբնական կրթության ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սվետլանա Մարությանը բարձր գնահատեց ուսանողների աշխատանքները և մաղթեց, որ հաջորդ ցուցադրություններին ուսանողները հանդես գան էլ ավելի պրոֆեսիոնալ աշխատանքներով: Ամբիոնի վարիչը շնորհակալություն հայտնեց ուսանողներին գեղագիտական հաճույք պարգևելու համար և վստահեցրեց՝ ներկայացված ամեն աշխատանք յուրովի էր իր տեսակի մեջ:
300-ից ավելի աշխատանքների հեղինակ Ամալյա Մանուկյանը նկարներում օգտագործում է հիմնականում սուրճ, յուղաներկեր, գուաշ և այլն: Նկարելու ձիրքն ու սերը դեպի կերպարվեստ բացահայտվել է բուհ ընդունվելուց հետո:
Չորս տարիների ընթացքում արված աշխատանքները մի քանի անգամ բուհում արդեն ցուցադրվել են: «Ամեն անգամ նման ցուցահանդեսներին մասնակցելիս շատ անբացատրելի և հաճելի զգացում եմ ունենում. չէի սպասում, որ աշխատանքներս նման ուշադրության կարժանանան»,-նշեց նախադպրոցական բաժնի մանկավարժություն և հոգեբանության 4-րդ կուրսի ուսանողնուհի Ամալյա Մանուկյանը և հավելեց, որ այսօր ամբիոնի կողմից ստացած պատվոգիրը հետագայում էլ ավելի կպարտավորեցնի իրեն: