ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արվեստանոցներ՝ Ղուկաս Չուբարյանի և Սուրեն Սաֆարյանի անուններով
07.02.2022
Արվեստանոցներ՝ Ղուկաս Չուբարյանի և Սուրեն Սաֆարյանի անուններով

Այսօր ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երկու արվեստանոց անվանակոչվեց Հայաստանի ժողովրդական նկարիչներ, պրոֆեսորներ Ղուկաս Չուբարյանի և Սուրեն Սաֆարյանի անուններով։ Այսուհետ 200 և 204 արվեստանոցներն ապագա գեղանկարիչների համար կլինեն մասնագիտական բարձր գիտելիքներով ու կարողություններով զինվելու եզակի վայր, որը զարդարում են նրանց լավագույն ստեղծագործությունները։

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը կարևորեց բուհի 100-ամյակի առթիվ նման ձեռնարկի կազմակերպումը, ինչը թույլ է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուհի ականավոր գործիչներին, մեծանուն արվեստագետներին ու վարպետներին։

«Մանկավարժական, կրթադաստիարակչական և մասնագիտական տեսանկյուններից այս մարդկանց անունները վաղուց հայտնի են առավել լայն շրջանակների։ Ղուկաս Չուբարյանի և Սուրեն Սաֆարյանի անուններով արվեստանոցներ ունենալը թույլ կտա յուրատեսակ երկխոսության մեջ լինել նրանց հետ՝ կրելու մեծագույն վարպետների խորհուրդները, լինելու նրանց արժեքների կրողը»,-նշեց Սրբուհի Գևորգյանը։

Նա անդրադարձավ Ղուկաս Չուբարյանի և Սուրեն Սաֆարյանի՝ որպես Մանկավարժական համալսարանի Գծանկարի և Գունանկարի ամբիոնների վարիչների երկարամյա գործունեությանն ու ուրախությամբ նկատեց, որ նրանց կրթած արվեստագետների սերունդները մինչ օրս իրենց մասնագիտական նկրտումները կապել են հենց այս բուհի հետ։

«Արժևորելով ուսուցիչներին՝ մենք արժևորում ենք ներկան և ձևավորում ապագան»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատարն ու շնորհավորեց հատկապես ուսանողներին, որոնք իրենց մասնագիտական որակները ձևավորելու են հայրենիքում և նրա սահմաներից դուրս մեծ ճանաչում վայելող արվեստագետների անունները կրող լսարանում։

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, որը նաև երկար տարիներ դասավանդել է Մանկավարժականում, տարիների հեռվից հիշեց մեծանուն արվեստագետների հետ իր հանդիպումը․ դեռ կես դար առաջ Ղուկաս Չուբարյանը Թատերական ինստիտուտում դասավանդելու էր ուղեկցել երիտասարդ նկարչին, իսկ Սուրեն Սաֆարյանն էլ սիրով հյուրընկալել Հայաստանի Նկարիչների միություն։
«Այն մարդն է Մեծ, որ կարողանում է օգնել երիտասարդին, որ նա էլ մի օր ուրիշ երիտասարդի օգնի։ Այդ առումով, բոլորս պետք է սովորենք Մանկավարժական համալսարանի՝ սերունդներին այդպես կրթելու օրինակից։ Բոլորս գիտենք, թե Մանկավարժականի 100-ամյա կյանքը ինչ է տվել մեր ժողովրդին»,-հավելեց Փարավոն Միրզոյանը։

Արվեստանոցների բացմանը ներկա էին անվանի նկարիչներ, հյուրեր, արվեստասերներ։

Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը միջոցառմանը ներկա էր նաև այլ առիթով․ նա Ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռն է։ Վերջինս շնորհակալություն հայտնեց իր պապին այսկերպ արժևորելու համար և հավելեց․
«Սուրեն Սաֆարյանի անունը կրկին հնչում է բուհում։ Կցանկանամ, որ երկար տարիներ արվեստանոցում կրթվեն իր անվանը արժանի ուսանողներ»։
Ի դեպ, պապի անունը կրող արվեստանոցին Սուրեն Սաֆարյանը նվիրեց 10 մոլբերտ։

Բուհի 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկայացվեց նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 15 դասախոսի համատեղ աշխատանքը․ յուրաքանչյուրն այդ կտավում նկարել էր Արարատ լեռը՝ իր պատկերացմամբ, իր վրձնին բնորոշ գույներով ու ստեղծագործական մոտեցմամբ։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյան շնորհակալություն հայտնեց հյուրերին և հավելեց, որ բուհի մեկդարյա հոբելյանի շրջանակներում նախատեսվում է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ստեղծագործությունների ցուցադրություն։ Արա Հակոբյանը վստահեցրեց, որ այդ ցուցհանդեսը ևս մեկ անգամ կապացուցի, որ իրենք Ղուկաս Չուբարյանի և Սուրեն Սաֆարյանի արժանի սաներն են։