ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արվեստի ինքնատիպ շունչ՝ սովորական կադրերում
04.05.2017
Արվեստի ինքնատիպ շունչ՝ սովորական կադրերում

«Լուսանկարչությունն արվեստի յուրահատուկ ճյուղերից է, բացառիկ` ժամանակի և իրականության մասին իր ճշմարտախոսությամբ. այն չի ստում և երբեմն այնպես է տեսնում մարդկանց, իրերը առարկաները, որ դրանք դիտողի համար երևում են անսպասելի տեսանկյունից»,- ՀայԱրտ մշակութային կենտրոնում «Սկիզբ» խորագրով գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսի բացված ժամանակ նշեց արվեստաբանության և գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրա Խաչատրյանը:

ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված էր գեղարվեստական լուսանկարչության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողների և ՀՀ վաստակավոր գործիչ, դասախոս Սամվել Սևադայի 8 ամիսների ստեղծագործական աշխատանքի ափոփումը՝ 80 գեղարվեստական լուսանկար:

Յուրա Խաչատրյանը նկատեց՝ լուսանկարչական ցուցահանդեսները մեզանում հաճախ չեն լինում, բայցև ուրախալի համարեց այն, որ երիտասարդները շարունակում են հայ լուսանկարչության լավագույն ավանդույթները.«Սա ուսուցչի և աշակերտի, ավագ և կրտսեր սերունդների արվեստագետների միասնության հանրագումարն է, որ դիտողին տարածությունը բացահայտում են անսպասելի հորիզոնից և տեսանկյունից: Վստահ եմ՝ երիտասադների շարքերում կան ապագա արվեստագետներ, որոնք վաղը պատիվ ու անուն են բերելու հայ լուսանկարչությանը»:

ՀՊՄՀ-ի դասախոս Սամվել Սևադան ցուցահանդեսը յուրատեսակ հաշվետվություն համարեց, որն արդյունք է ուսուցողական և ստեղծագործական համատեղ աշխատանքի: ՀՀ վաստակավոր գործիչը նկատեց՝ փորձել են սովորական կադրում արվեստի շունչ դնել,լուսանկարել են հայրենիքի տարբեր դիտարժան վայրեր.«Դասախոսություններին զուգահեռ պարբերաբար աշխատում էինք նաև արվեստանոցում, կատարում տաղավարային նկարահանումներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թեմատիկ ու ժանրային գործեր: Ուսանողների ոգևորությունն անսահման է, ինչը փոխանցվում է նաև դասախոսներին և ավելացնում պատասխանատվությունը»:

Գեղարվեստական լուսանկարչության արվեստի շուրջ համախմբումը ՀայԱրտ մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը կարևոր իրադարձություն համարեց, իսկ Սամվել Սևադային բնութագրեց որպես ուսուցիչ, որն ամեն ինչ անում է իմացածը փոխանցելու, սաների գործերը հանրահռչակելու և հասարակության համար էսթետ մարդկանց ձևավորելուուղղությամբ:

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը «Սկիզբ»-ը գեղագիտական տոն համարեց, որի շնորհիվ շարունակվում են հայ լուսանկարչական դպրոցի փառահեղ ավանդույթները:

Վերջինս ընդգծեց՝ Սամվել Սևադայի և նրա ուսանողների լուսանկարչական արվեստը ռեպորտաժային լրագրությունից անցնում է կատարում վավերական-գեղարվեստական արժեքի, ինչը կարևոր է մեր օրերում. «Հայտնի իմաստությունը՝ կան աշակերտները, կհայտնվի նաև ուսուցիչը, այս պարագայում հակառակ իմաստով կարելի է գործածել. կա ուսուցիչ, կհայտնվեն նաև աշակերտները: Սամվել Սևադան ասպարեզ է բերում արվեստին, գեղագիտությանը, հայ մարդուն, դեմքին, հայկական բնանկարին և ռակուրսին կապված երիտասարդների»:

Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը սկսնակ լուսանկարիչներին հորդորեց հետևել վարպետի խորհուրդներին՝ նկատելով, որ լուսանկարչի ճաշակի մասին է վկայում անգամ պատկեր ստանալու կետի ընտրությունը:

Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի լուսանկարիչների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը, որը հասցրել էր դիտել ներկայացված աշխատանքերը և կարծում է, որ լուսանկարները մերօրյա իրականության մասին են՝ հետաքրքիր, հղկված և այլ մտածողությամբ:

Վերջինս ցուցահանդեսի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և 200 լուսանկարչի աշխատանքեր պատկերող ֆոտոալբոմ:

«Մեր սկիզբը խոստումնալից է. ապրելու ենք այս արվեստով»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց բակալավրիատի 1-ի կուրսի ուսանողուհի Անի Մնացականյանն ու խոստովանեց՝ լուսանկարչությունն առաջին սիրո պես է՝ լցրել է իրեն և ընկերներին:

«Սկիզբ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ, արվեստասեր հյուրեր. այն բաց կլինի մինչև մայիսի 10-ը՝ ամեն օր՝ ժամը՝ 11.00-17.00-ը: