Այսօր բացվեց «Ստեղծիր արվեստ պլաստիկե թափոններից» ցուցահանդես։
Ցուցադրությանը մասնակցում էր նաև ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 5 ուսանող և 1 շրջանավարտ ՝ Սեդա Հակոբյանը, Լիլիթ Կարապետյանը, Մարիամ Մելիքբեկյանը, Մարինե Բաղդասարյանը, Սեդա Ղարիբյանը, Լուսինե Սիմոնյանը։
old.aspu.am-ի հետ զրույցում ուսանողները նշեցին, որ մեծ հետաքրքրությամբ են մասնակցել ծրագրին՝ փորձելով նման կերպ բարձրացնել մի շարք էկոխնդիրներ, ցույց տալ մարդ-բնություն փոխհարաբերությունը, որտեղ վտանգավորը հենց ինքը մարդն է։ Նրանք այն կարծիքին են, որ մարդկանց իրազեկելու և այդ գաղափարներով վարակելու համար նմանօրինակ ծրագրերն անհրաժեշտություն են։
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության SDC-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում նրանք նախ հաղթահարել էին նախընտրական փուլը, ապա ներկայացրել պորտֆոլիոներ՝ գաղափարներն իրականացնելու մեթոդներ և ուղիներ։
Գաղափարի շուրջ համախմբվել էին տարբեր բուհերի ուսանողներ և կառույցների ներկայացուցիչներ․ խնդիրը նույնն էր բոլորի համար՝ թափոններից՝ հիմնականում պլաստիկից, ստեղծել արվեստի նմուշներ և այդպիսով հասարակությանն իրազեկել կարևորի մասին։
Մանկավարժականի 5 ուսանող աշխատել է տարբեր խմբերում։ Երիտասարդ ստեղծագործողները ցուցադրության էին ներկայացրել կոնցեպտուալ ինստալացիներ՝ պատրաստված պլաստիկե թափոններից և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները ներկայացնող, հասարակությանը իրազեկող տեսաֆիլմեր:
Ծրագիրը ղեկավարել է մոդելավորող Վահան Խաչատրյանը, որը կարևորեց հատկապես երիտասարդների՝ որպես հաջորդ սերունդներին կրթողների մասնակցությունը։ Համագործակցության և ծրագրի հաջող իրականացման համար նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը և հույս հայտնեց, որ նման խնդիրների շուրջ ծրագրերը կլինեն շարունակական։
Ցուցադրության բացմանը ներկա էր նաև Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը։ Նա կարևորեց արվեստին և բնապահպանական խնդրին նմանօրինակ անդադարձը, ինչը հնարավորություն կտա առավել տեսանելի դարձնել, որ պլաստիկից հնարավոր է արվեստի նմուշներ պատրաստել։ Փոխնախարարն այն կարծիքին է, որ մեր երկրում առավել քան պետք են այնպիսի ձեռնարկներ, որոնք կբարձրաձայնեն բնապահպանական խնդիրների մասին և կառաջարկեն լուծումներ։
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 3-ը՝ ժամը 19:00-ն։