Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն աշխատանքային այցով ԱՄՆ-ի Միննեսոտայի համալսարանում է:
2016 թվականից սկիզբ առած համագործակցության շրջանակներում մշակվում է «Ներառական կրթության» դասագիրք, որը որպես մեթոդական հայալեզու ձեռնարկ՝ կծառայի կրթություն ստացող ուսանողներին և մասնագիտական ոլորտում աշխատող մասնագետներին:
Այդ շրջանակներում վերանայվում են նաև Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից դասավանդվող «Ներառական կրթություն» առարկայացանկի թեմաները, մոդուլներն ու բովանդակությունը: Մշակվում են նաև թեմատիկ վեբինարների փաթեթներ, որոնք տեղ կգտնեն Միննեսոտայի և Մանկավարժական համալսարանների պաշտոնական կայքերում:
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է Միննեսոտայի նահանգի կրթության վարչության Հատուկ կրթության ոլորտի տնօրեն Ռոբին Վիդլիի և նրա աշխատակազմի հետ: Կլոր սեղան-քննարկման ժամանակ հայկական կողմը ներկայացրեցլ է Հայաստանում կրթական համակարգի առանձնահատկություները, հատուկ և ներառական կրթության դրվածքն ու այդ համատեքստում՝ Մանկավարժական համալսարանի ուրույն դերը: Ամերիկյան կողմը բարձր է գնահատել Հայաստանում կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ՀՊՄՀ-ի դերը:
Նշենք, որ հայ-ամերիկյան համագործակցության գործում մեծ է հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի դերը: