Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Մակավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն ու Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը պաշտոնական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չունցին քաղաքի Հարավարևմտյան համալսարանում էին։
ՀՊՄՀ-ի պատվիրակությունը հանդիպեց բուհի պրոռեկտորներին, Կրթության, Քաղաքագիտության և կառավարման ֆակուլտետների, միջազգային համագործակցության և միջազգային քոլեջի ղեկավարությանը:
Այցի ընթացքում Մանկավարժականի պատվիրակների աշխատանքներին աջակցում էր բուհի շրջանավարտ Անի Մելիքյանը, որը ներկայումս սովորում է Չունցինի Հարավարևմտյան համալսարանում։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի և գիտահետազոտական աշխատանքներին իրագործման, երկարաժամկետ և կարճաժամկետ կրթական ծրագրերի շրջանակներում ուսանողների փոխանակման, ՀՊՄՀ-ում Հարավարևմտյան համալսարանի մագիստրոսների պրակտիկայի անցկացման և համատեղ այլ կրթական նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր:
Ներկայացված ծրագրերի իրագործումը Հարավարևմտյան համալսարանի ղեկավարությունը համարեց չափազանց կարևոր: Վերջիններս հավաստիացրին՝ կանեն հնարավոր ամեն ինչ՝ նախանշված համագործակցային գործընթացներն իրականություն դարձնելու համար:
ՀՊՄՀ-ի պատվիրակությունն էլ իր հերթին ընդգծեց համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի պատրաստակամությունը՝ համագործակցությունը գործնական մակարդակ տեղափոխելը: