Հունիսի 7-9-ը Erasmus+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ ծրագրի շրջանակներում Շվեդիայի Թագավորական համալսարանում տեղի ունեցավ ուսումնաճանաչողական առաջին այցը:
Այցին մասնակցում էին 23 մասնակից, այդ թվում՝ Շվեդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Էստոնիայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից:
Ծրագրի համակարգող բուհից՝ Մանկավարժական համալսարանից այցին մասնակցում էին Աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը և միջազգային համագործակցության բաժնի մասնագետ Գոհար Առաքելյանը:
Նպատակն էր ուսումնասիրել ծրագրի եվրոպացի գործընկերների կողմից ներկայացված միջազգայանցման փորձը և ռազմավարությունը, ինչպես նաև քննարկել և մշակել ծրագրի հետագա գործողությունները:
Եռօրյա հանդիպման ընթացքում ծրագրի հայաստանյան մասնակիցները ծանոթացան և ուսումնասիրեցին ինչպես ծրագրի եվրոպացի գործընկերների, այնպես էլ Շվեդիայի և այլ համալսարաններից հրավիրված պրոֆեսորների ներկայացրած բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային բաժինների կառուցվածքը, միջազգային առկա ծրագրերը, շարժունության ծրագերի իրականացման և միջազգայնացաման ընթացակարգը, միջազգայնացման ռազմավարության մշակման գործընթացը:
Ծրագրի հայաստանյան գործընկերների կողմից ներկայացվեց ծրագրի նորաստեղծ կայքի կառուցվածքը, բովանդակությունը, ինչպես նաև Erasmus+ HARMONY ծրագրի մասնակիցների կողմից ՀՀ բուհերի միջազգայանացման ուսումնասիրման նպատակով մշակված գործիքակազմն ու իրականացրած հետազոտության արդյունքները:
Մասնակիցներն այցելեցին նաև Շվեդական ինստիտուտ, ծանոթացան գործող ծրագրերին, համագործակցության շրջանակներին, իրականացվող միջոցառումներին, փոխանակման և զարգացման ծրագրերին, ինչպես նաև դրամաշնորհներին:
Ուսումնաճանաչողական այցն ամփոփվեց կլոր սեղանի շուրջ.մասնակիցները քննարկեցին հանդիպման արդյունքները և պլանավորեցին մոտ ապագայում ակնկալվող գործողությունների կատարումը: