Հուլիսի 14-18-ը Էրազմուս + ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանն ու գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանն աշխատանքային այցով Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում էին: Այցի ընթացքում բուհի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ միջազգային կապերի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Քննարկվեցին կրթական երկու կառույցների միջև համագործակցության ընթացիկ ուղղությունները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները, հնարավոր ծրագրերն ու նոր գործընկերության հեռանկարները:
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորեցին միջազգային համագործակցության խորացումը, մասնավորապես՝ ուսանողների և աշխատակազմի շարժունության խթանումը, համատեղ նախագծերի իրականացումն ու նոր հնարավորությունների բացահայտումը։ «Աշխատանքային այցը ևս մեկ քայլ է ամրապնդելու երկկողմ ակադեմիական կապերն ու նպաստելու երկարաժամկետ համագործակցությանը»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանը:
Նշենք, որ 2024 թվականից իրականացվել է 3 արտագնա և 6 ներգնա պրոֆեսորադասախոսական շարժունություն, ինչպես նաև 2 արտագնա և 2 ներգնա ուսանողական շարժունություն։