ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց Պրահա
10.09.2025
Աշխատանքային այց Պրահա

Մանկավարժական համալսարանում առաջին անգամ մեկնարկել է նոր ծրագիր՝ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) ֆինանսավորմամբ։ Հիմնադրամը Վիշեգրադյան խմբի (V4)` Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի տարածաշրջանային համագործակցության միակ հաստատված ինստիտուտն է, որի նպատակն է խթանել մշակութային, գիտական, կրթական, երիտասարդական և հանրային քաղաքականության ոլորտներում ավելի սերտ համագործակցություն:

Սեպտեմբերի 2-5–ը ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը «Գրագետ կարդալու ունակության զարգացում՝ տեղեկատվության ինտեգրված ճանաչման և մշակման միջոցով» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Պրահայում էր։

Պատվիրակության կազմում էին Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Մանկավարժության ամբիոնի դոցենտներ Լուսինե Պողոսյանը, Գայանե Հարությունյանը, ՀՊՄՀ մարքեթոլոգ Ալլա Հարությունյանը։ Այցը  նշանավորվեց համագործակցող բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպումներով․եղան քննարկումներ, անցկացվեցին տեսագործնական սեմինարներ։

«Գրագետ կարդալու ունակության զարգացում՝ տեղեկատվության ինտեգրված ճանաչման և մշակման միջոցով» ծրագրի նպատակը օտար լեզուներով և մայրենիով հասկանալով կարդալու ունակության զարգացումն էր, իրական տեղեկատվությունը կեղծից տարբերակելը, այն քննադատորեն վերլուծելը մեկնաբանելու և գնահատելու նպատակով, ինչը չափազանց արդիական է ժամանակակից կրթական համակարգում։

Ծրագրի շրջանակներում աշխատանքները շարունակվում են․ մշակված նյութերի և մեթոդների օգնությամբ նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք կօգնեն ժամանակակից կրթական համակարգի կարևորագույն հիմնախնդիրներից մեկի լուծմանը։

Ի դեպ, սեպտեմբերի 25-26-ն ակնկալվում է Սլովակիայի և Չեխիայի ներկայացուցիչների այց Երևան: Այցի շրջանակներում ՀՊՄՀ-ում կիրականացվեն վերապատրաստումներ, որոնց կմասնակցի ավելի քան 40 ուսուցիչ և բուհի դասախոսական կազմը:

Նշենք, որ ծրագիրը համակարգում է Սլովակիայի Փիլիսոփա Կոնստանդինոսի անվան Նիտրայի համալսարանը. մասնակիցներն են՝ Պրահայի Տնտեսագիտության և բիզնեսի, Հունգարիայի Էստերհազի Կառոյլիի կաթոլիկ, Լեհաստանի Բիելսկո-Բյալայի, Ալբանիայի Դուրեսի Ալեքսանդր Մոյսիուի և Հայկական պետական մանկավարժական համալսարանները: