Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ բուհի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպման նպատակն էր Գիտական խորհրդի նիստին ընդառաջ վերհանել ֆակուլտետի ուսումնական գործընթացում առկա բացթողումները, գիտակրթական ոլորտի խնդիրներն ու անելիքները:
Ռեկտորն իր խոսքում նշեց. «Ֆակուլտետներն ու ամբիոնները բուհի որոշիչ օղակներն են. նման հանդիպումները կլինեն շարունակական: Հույս ունեմ, որ բարձրացրած հարցերն ուղենիշ կլինեն հետագա բարելավման և խնդիրների լուծման համար: Եթե պետք է կադրեր պատրաստել, ապա միայն որակյալ, իսկ որակ պետք է լինի ամենուր.շրջանավարտն իր գիտելիքներով և հմտություններով, հետազոտական գործողությունների արդյունքը, նաև բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը»:
Հանդիպման ընթացքում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուզաննա Պետրոսյանը ներկայացրեց ֆակուլտետի հնարավորությունները, գործունեությունը, կատարված հետազոտական աշխատանքները, առկա և հեռակա համակարգում սովորող ուսանողների թիվը:
Դեկանը նկատեց՝ վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը «զինվորական հոգեբանություն» մասնագիտության նկատմամբ, իսկ ֆակուլտետը, ինչպես նախկինում, այսօր էլ, վարում է ուսանողակենտրոն քաղաքականություն:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ որոշ հարցերի վերաբերյալ բուհի ղեկավարին ներկայացրին իրենց նկատառումներն ու առաջարկները:
Հոգեբան-սոցիոլոգները համակարծիք են՝ իրենց ոլորտներն արագ զարգացող են, և բուհում պետք է ստեղծվեն մասնագիտական աճի համար հնարավոր պայմաններ՝ լաբորատորիաններ, գիտահետազոտական կենտրոններ, պրակտիկայի առավել լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին նաև ուսումնական պլանների վերանայման, դասախոսների ծանրաբեռնվածության, լրացուցիչ կրթության ներդրման վերաբերյալ հարցեր:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն այն կարծքին է, որ նախագծերի իրագործման դեպքում սոցիոլոգիական և հոգեբանական արդյունքների հիման վրա կունենանք պրակտիկ ելքեր, կլուծվեն մի շարք խնդիրներ:
Վերջինս հավելեց նաև, որ ներկայացվող առաջարկներից կընտրվեն ամենաառաջնայինները` կարևորելով դրանց հետազոտական արդյունքներն ու պրակտիկ ելքերը: Պրոռեկտորը վստահեցրեց՝ արդեն իսկ կա որոշակի ձևակերպումներով ու առաջարկներով աշխատանքային տարբերակ, որը կվերանայվի համապատասխան խմբի կողմից:
Ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ գիտելիք հաղորդելն ու մանկավարժությունը պետք է լինեն առաջնային, որակյալ կրթությունն ու ամուր կրթական համակարգի ստեղծումը՝ կարևորագույն: