Օրերս ՀՊՄՀ-ի Էլեկտրոնային կրթության կառավարման բաժնի աշխատակազմը՝ Անուշ Սարգսյանը, Ինգա Ստամբոլցյանը, ինչպես նաև Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների և Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոների դասախոսներ Աննա Սիմոնյանն ու Լևոն Նազարյանը մասնակցեցին «Ինստիտուցիոնալ հետազոտություն/պլանավորում և տեղեկատվական համակարգի կառավարում բարձրագույն կրթության ոլորտում՝ ի նպաստ համալսարանի արդյունավետ կառավարման և որակյալ կրթության» խորագրով երկօրյա աշխատաժողովին:
Լոնդոնի միջազգային փորձագետների և հայաստանյան այլ բուհերի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրի շրջանակներում կայացած ձեռնարկի ընթացքում անցկացվեց խմբային աշխատանք-քննարկումներ:
Միջազգային փորձագետներ Քրիս Քոբբին և Ռայմոնդ Սմիթը ներկայացրին բարձրագույն կրթության բնագավառում ռազմավարական պլանավորման ու ինստիտուցիոնալ հետազոտությունների վերաբերյալ մանրամասներ:
Երկօրյա գիտաժողովում քննարկվեց նաև կառավարման տեղեկատվական համակարգերի դերը բուհի որակի ապահովման համընդգրկուն համակարգի ձևավորման, ինչպես նաև ակադեմիական ծրագրերի ու ուսանողների ուսումնառության բարելավման գործում միջազգային փորձը: