Օրերս Մանկավարժական համալսարանում ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ ծրագրի շրջանակներում կայացավ երկօրյա աշխատաժողով և վերապատրաստում:
Աշխատաժողովին ներկա էին ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ ծրագրի հիմնական մասնակիցները Մանկավարժական համալսարանից, Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից և Գյումրիի պետական մանկավարժական համալսարանից:
Աշխատաժողովի նպատակն էր ամփոփել ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ ծրագրի շրջանակներում մշակված «Կրթություն» ոլորտային որակավորումների շրջանակը:
Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրի համագործակից, Դանիայի Օրհուսի համալսարանի ներկայացուցիչ Դավուդ Մասումին, ով աշխատաժողովի ընթացքում ոչ միայն ներկայացրեց Եվրոպայի փորձը Որակավորումների ազգային շրջանակների ներդրման ուղղությամբ, այլև համակարգեց որոշ աշխատանքային խմբերի աշխատանքները:
Աշխատաժողովի աշխատանքները ողջունեց և արդյունավետ ընթացք մաղթեց պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Նա կարևորեց գործընթացի իրականացումը բուհում և Որակավորումների ազգային շրջանակի ներդրումը Հայաստանում՝ նշելով, որ դեռևս 2010 թվականին եղել է դրա մշակման ակունքներում:
Աշխատաժողովը շարունակվեց ՀՀ Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին վերաբերող ելույթներով:
Աշխատանքային 2-րդ օրվա ընթացքում իրականցվեց վերապատրաստում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ուսումնառության վերջնարդյունքներով կրթական ծրագրերի ձևավորումը, դրանց համապատասխանեցումը ազգային և ոլորտային որակավորումների շրջանակներին, դասավանդման և ուսումնառության ու գնահատման մեթոդները:
Երկօրյա աշխատաժողովը և վերապատրաստումը համակարգում է Կրթության բարեփոխումների և որակի վարչության ղեկավար Մկրտիչ Ավագյանը, ով նաև Կրթություն ոլորտային շրջանակի աշխատանքային խմբի ղեկավարն է: