Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում կայացավ բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով: Ի դեպ, ծրագրի համակարգողը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է:
Աշխատաժողովին մասնակցում էին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ծրագրի գործընկեր ՀՀ և եվրոպական բուհերի, միջազգային կազմակերպությունների և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Հարությունյանը նշեց, որ բարձրագույն կրթության և հետազոտության բնագավառը կանոնակարգող նոր օրենքի նախագծով նախատեսվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված են նաև կրթական ծրագրերի բովանդակության միջազգայնացմանը, համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմամբ օտարերկրյա բուհերի հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը և բարձրագույն կրթության ու հետազոտության մրցունակության խթանմանը:
Արայիկ Հարությունյանը հավելեց նաև, որ ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացումը ներկայումս անհնար է դիտարկել՝ առանց որակյալ բարձրագույն կրթության ծրագրերի և միջազգայնորեն մրցունակ հետազոտական միջավայրի առկայության:
Նախարարն կարծիքով՝ բարձրագույն կրթության միջազգայնացումը խթանելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բարենպաստ միջավայր, որը ներառում է ինչպես ֆինանսական ապահովվածությունը և մարդկային ռեսուրսների արդյունավետ ներդրումը, այնպես էլ իրավական կարգավորումները, միջազգայնացման ոլորտում սահմանված ռազմավարությունը և համապատասխան կառուցակարգերը:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան, ապա ՀՊՄՀ-ի միջազագային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց BOOST ծրագրի նպատակները և այդ շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացվեց ծրագրի շրջանակներում մշակված Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարությունը:
Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական համալսարանի և Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի ներկայացուցիչներն էլ ներկայացրին միջազգայնացման ուղղությամբ եվրոպական լավագույն փորձը, ապա ներկայացվեց «Study in Armenia» պլատֆորմը և այն` որպես մարքետինգային գործիք կիրառելու հնարավորությունները: