Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Հետազոտություն և գործողության իրականացում» խաղաղարար միջնորդություն համալսարանների գիտական համագործակցության միջոցով հնգօրյա աշխատաժողովը, որին մասնակցում էին նաև Շվեյցարիայի Բեռնի և Վրաստանի Թբիլիսիի համալսարանների ներկայացուցիչներ:
Ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը մանրամասներ ներկայացրեց «Լեռնային տարածքների կայուն զարգացում և հակամարտությունների տարափոխումը կովկասյան տարածաշրջանում» ծրագրից. բուհերի միջև համագործակցությունն 8 տարվա պատմություն ունի, որում ՀՊՄՀ-ն, որպես մասնակից բուհ, ներկայանում է իր մեթոդաբանությամբ և հետազոտական ծրագրերով:
Աշոտ Խոեցյանը նկատեց՝ իր ղեկավարած կառույցը, լինելով ծրագրում մանկավարժական միակ բուհը, ուրույն տեղն ունի եվրոպական դասական համալսարանների շարքում և մեծ ռեզոնաս է առաջացրել. «Դա նաև մի շարք առավելություններ ունի, քանի որ ապագա մանկավարժները, մեթոդիստները ոլորտի կարևոր հարցերն իրենց հետ «տանում են» մարզեր, համայնքներ: Եռակողմ ծրագրով, մեր համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները եղել են Վրաստանում, Աբխազիայում, Եվրոպայում, ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրականացվող աշխատանքներին: Կարևոր է նաև այն, որ ըստ ծրագրի պահանջի, դրանում անպայմանորեն պետք է ընդգրկված լինեն երեք սերնդի ներկայացուցիչներ.պահանջին խստորեն հետևում ենք նաև մենք»:
Աշխատաժողովի ընթացքում ռեկտորի պաշտոնակատարը նկատեց՝ Թբիլիսի-Սուխում-Բաթում-Երևան-Բեռն համալսարաններն ընդգրկող ծրագիրը միտված է նպաստելու խաղաղության գործընթացներին, տարածքները նպատակային օգտագործելուն:
Պրոֆեսորը խոսեց նաև ծրագրի շրջանակներում տարբեր լեզուներով հրատարակված ուսումնական դասագրքի մասին: Ցուցադրվեց ծրագրի մասին պատմող հաշվետվություն՝ ֆիլմի ձևաչափով. սա, ինչպես նկատեց ռեկտորի պաշտոնակատարը, հայկական կողմի նորամուծությունն է:
Շվեյցարիայի Բեռնի համալսարանի դոկտոր Հեյնո Մեեսսեն աշխարհագրության և բնապահպանության ոլորտի ճանաչված մասնագետներից է, իր ելույթում խոսեց իրականացվելիք եռակողմ ծրագրի, աշխատանքի մեթոդաբանության մասին՝ ընդգծելով, որ առաջիկա օրերին ավելի որոշակի կդառնան գործունեության ուղղությունները:
Աշխատանքների առաջին օրն ամփոփեց ՀՊՄՀ-ի Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի քարտեզագետ Տիգրան Բաբայանը՝ ներկայացնելով «Եռանկյունավորման մեթոդների կիրառում որակական հետազոտություններում և կրթական միտումները» թեմայով զեկույցը: Բանախոսն անդրադարձավ որակական տվյալների ձեռքբերման ուղիներին՝ քանակական տվյալների ճանապարհով:
Աշխատաժողովին կհաջորդեն նաև եռօրյա սեմինարներ. առաջիկա օրերին դրանք կընթանան լսարանային և դաշտային, մեթոդաբանական հետազոտական պայմաններում, այդ թվում՝ Մարմարիկի հովտում և Արագածոտնի մարզի Ափնա գյուղում:
Աշխատաժողովը կամփոփվի համագործակցության հուշագրի ստորագրմամբ: