ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատաժողով Մանկավարժականում
03.07.2023
Աշխատաժողով Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «EDUARMENIA 2023․ ներառական կրթություն» համահայկական գիտակրթական աշխատաժողով։

Այն կազմակերպել են պետական և հասարակական մի շարք կազմակերպություններ, որոնք մտահոգ են արդի աշխարհում կրթական հիմնախնդիրներով, այդ համատեքստում՝  ներառական կրթության մարտահրավերներով, ձեռքբերումներով և խոչընդոտներով։ Աշխատաժողովը մեկնարկել է երկու օր առաջ՝ հեռավար ձևաչափով, որին մասնակցում էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, շուրջ 1600 ուսուցիչներ։ Կազմակերպիչները նշում են, որ այս տարի համաժողովի ուղերձը համագործակցությունն ու արժեհամակարգի ձևավորումն է՝ ո՞վ է յուրաքանչյուր ոք կրթական միջավայրում, ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի, ինչպե՞ս դառնալ խնդիրը հաղթահարող մարդ։

EDUARMENIA 2023-ի կազմակերպիչներից «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանի ղեկավարությանը ինչպես ակտիվ մասնակցության, այնպես էլ աշխատաժողովը բուհում հյուրընկալելու համար՝ վստահեցնելով, որ մասնակիցներից յուրաքանչյուրն իր հետ կտանի գաղափարների այնպիսի բազմություն, որը հիմք կդառնա նորը ստեղծելու համար։ Վերջինս վստահ է՝ աշխատաժողովն այն միջավայրն է, ուր հանդիպում են բոլորը՝ աշակերտները, դասավանդողները, կրթության կառավարողներն ու կազմակերպիչները, նորարար գործիք ստեղծողները։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց գիտակրթական համաժողովի մասնակիցներին և կարևորեց համաժողովի օրակարգում դրված խնդիրները։

Պրոֆեսոր Գևորգյանն այն կարծիքին է, որ ժամանակակից աշխարհում միայն  կրթությունը կարող է լուծել ծառացած խնդիրները․ «Փոխակերպվող աշխարհը մեզ հարցեր է ուղղում մարդու արժեհամակարգի փոփոխության, հուզականության, մարդու՝ մարդու նկատմամբ փոխներգործելու վերաբերյալ։ Բոլորս, սակայն, մեկ բացթողում ունենք, երբ չենք փորձում ըմբռնել՝ ո՞վ է այդ փոփոխված երեխան․ փոխակերպվող արժեքներն ու գիտելիքները հրահանգում են ստեղծել կոնկրետ միջավայր»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու արդյունավետ աշխատանք մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ օրակարգը թույլ կտա լսել մասնագիտական հանրույթի կարծիքն ու առաջ ընթանալ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը բարձր գնահատեց աշխատաժողովի անցկացումը, որը հնարավորություն է տալիս համախմբել երկրի մանկավարժական ներուժը, նախանշել կրթական համակարգի զարգացման ուղիները։

«Նման աշխատաժողովների կարիքը շատ ունենք, հատկապես, որ հանրակրթությունը բազմաշերտ փոփոխությունների փուլում է․ կրթական համակարգի յուրաքանչյուր մասնակից, շահակից իր լուրջ ազդեցությունն է ունենալու այս փոփոխություններում»,-նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու անդրադարձավ առաջիկա ուսումնական տարվա բարեփոխումներին, մասնավորապես՝ դպրոցների կառավարման համակարգի փոփոխություններ, հանրակրթության չափորոշչի ներդրման գործընթաց, ինչպես նաև ուսուցիչների կարողությունների զարգացման բաղադրիչի ներդրում և այլն։ Վերջինս խոսեց նաև հանրակրթական հաստատություններում ուսուցիչների ներկայիս և սպասվող պակասի մասին և ներկայացրեց դրա վերաբերյալ պետական մի շարք ծրագրեր, որոնց արդյունքները շոշափելի կլինեն մի քանի տարի անց։ Արաքսիա Սվաջյանը վստահ է՝ աշխատաժողովի զեկույցները կվերհանեն այն բացերը, որոնց լուծումը շատ կարևոր է իրականացվող բարեփոխումների ճանապարհին։

Աշխատաժողովը շարունակվեց պլենար քննարկումներով, որոնցում կրթական գործի կազմակերպիչներն ու ներկայացուցիչները խոսեցին արդի աշխարհում ոլորտի հիմնախնդիրների և բացթողումների մասին, ինչպես նաև անդրադարձան ներառական կրթության մարտահրավերներին, ձեռքբերումներին և խոչընդոտներին։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն անդրադարձավ կրթության ոլորտում առաջացած այն խնդիրներին, որոնք պայմանավորված են թվայնացված աշխարհով։

«Երբ անցում կատարեցինք այդ աշխարհին, շատ մեծ անջրպետ առաջացավ ժամանակակից աշակերտի և գործող ուսուցչի միջև։ Այդ էր պատճառը, որ ուսուցման նկատմամբ երեխաների մոտիվացիան տարիներ շարունակ անկում ապրեց։  Ոչ մի երեխայի հաճելի չէ տարիներ շարունակ լսել մի «օտար» լեզու․ այդ լեզվով տարիներ շարունակ խոսում են ուսուցիչները»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու հավելեց՝ թեև խնդիրը վերաբերում է նաև Մանկավարժական համալսարանի, սակայն այն բազմաոլորտ լուծման կարիք ունի։

Վերջինս կրթական համակարգում ոչ թե փոփոխությունների, այլև հեղափոխության կողմնակից է․ պետք է տալ պահանջվածը, այն, ինչ ակնկալում է ժամանակակից երեխան, որը կարող է նրան մրցունակ դարձնել աշխարհում՝ բոլոր ոլորտներում։

Առանձին մասնաճյուղերում ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները զեկույցներում անդրադարձան ներառական կրթության համատեքստում ծնողների հետ աշխատանքի կարևորությանն ու առանձնահատկություններին, քննարկեցին մանկավարժի բարեկեցության կոմպոնենտը, խոսեցին կրթական միջավայրի մատչելիության և խելամիտ հարմարեցումների կարևորության մասին

Մասնագիտական շրջանակում առանձնակի կարևորվեց ուսումնական նյութերի հարմարեցումների դերը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնառության գործընթացում, ինչպես նաև ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման ռիսկերի նվազեցման և կանխարգելման մասին։ Մի շարք մասնագետներ խոսեցին անհատական ուսուցման պլանի, այլընտրանքային մեթոդների, ինչպես նաև նոր հնարավորությունների և կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։

Աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը։