ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աշնանային դպրոց»-ի մեկնարկը տրված է․․․․
28.08.2023
«Աշնանային դպրոց»-ի մեկնարկը տրված է․․․․

Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում այսօր մեկնարկեց «Աշնանային դպրոց» միջազգային ծրագիրը։

Ծրագրին մասնակցում է 21 ուսանող՝ ՀՊՄՀ-ից, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական և Ստավրոպոլի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարաններից։

Ուսումնաճանաչողական այցեր, ինտերակտիվ դասախոսություններ, զրույց-քննարկումներ, հանդիպումներ, խաղեր․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը միջազգային ուսանողական ծրագրի մասնակիցների համար նախատեսված է գերհագեցած և հետաքրքիր առօրյա։

Ծրագրի պաշտոնական բացմանը մասնակիցներին բուհի ղեկավար կազմի անունից ողջունեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը՝ վստահեցնելով՝ գտնվում են աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկում, որտեղ նրանց սպասվում են հետաքրքիր բացահայտումներ։

Պրոռեկտոր Հարությունյանն ընդգծեց՝ Մանկավարժականը հայաստանյան եզակի բուհերից է, որ տարիներ շարունակ կազմակերպում է «Ամառային դպրոց» ծրագիրը, տարեցտարի մեծացնելով մասնակիցների աշխարհագրությունը։

Նա հույս հայտնեց, որ կարճատև ընդմիջումից հետո վերսկսված «Աշնանային դպրոց»-ն առաջիկա օրերին կլինի բազմաբովանդակ՝ լի նոր գիտելիքներով և զգացողություններով։

Պրոռեկտորը, որպես Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, աշնանային դպրոցի մասնակիցներին ներկայացրեց ինտերակտիվ դասախոսություն՝ «Արհեստական բանականություն և ներառական կրթություն» թեմայով։

Մարիաննա Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ մանկավարժության և հոգեբանության համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, մարդկության վրա դրանց դրական և բացասական ազդեցությանը, այդ ենթատեքստում վերացող մասնագիտություններին, թվայնացման դարաշրջանում մանկավարժի դերի փոփոխությանը, սոցիալական ցանցերից կախվածությանը և այլն։

Բանախոսը հետաքրքրվեց մասնակիցներից՝ արդյո՞ք արհեստական բանականությունը ապագայում կփոխարինի մանկավարժությանը, ինչպիսի՞ն կլինի մանկավարժի մասնագիտությունը 5 տարի անց․ թեմայի վերաբերյալ հնչեցին տարատեսակ կարծիքներ, ծավալվեց ակտիվ քննարկում։

«Կյանքը հեշտացել է, սակայն բարդ է դարձել ապրելը։ Գիտության և այսօրվա իրականության միջև անհրաժեշտ է ճիշտ զուգահեռներ անցկացնել։ Ժամանակակից ուսուցիչն այսօր պետք է յուրատեսակ «էքսկուրսավար» լինի, որի հաղորդած տեղեկատվությամբ հնարավոր կլինի հեշտացնել դեպի ապագա մուտքը»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու, որպես ամփոփում, հավելեց, որ վստահ է՝ մարդկային շփումը կա և կլինի առաջնահերթություն։

Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի օրակարգն ու կազմակերպչական մի շարք հարցեր, որին հաջորդեց միմյանց հետ ծանոթությունն ու ազգային պարի ուսուցումը։

Ծրագրի մասնակիցներից Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանող Ալյոնա Բոգդանովան նշում է՝ առաջին օրն արդեն իսկ տպավորիչ է՝ կլիմայից մինչև դասախոսություն։

Խոստովանում է՝ միջավայրը, ներկայացված ինտերակտիվ դասախոսությունն այնքան է հետաքրքրել, որ ցանկություն ունի վերադառնալ կրթական միջավայր, ձեռք բերել նոր գիտելիքներ․ ուրախ է նաև նոր ծանոթությունների համար։

Վստահ է՝ առաջիկա օրերը կլիցքավորվեն կրթության ոլորտում նոր որոնումներ ունենալու, մշակութային փոխադարձ ձեռքբերումներ ունենալու տեսանկյունից։

Ստավրոպոլի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ուսանող Վիկտորյա Բաննիկը հաճելիորեն տպավորված է ծրագրի բովանդակությունից՝ դասախոսություններ, ուսումնաճանաչողական զբոսանքներ։

Նա հույս ունի, որ առաջիկա մի քանի օրը կլինի հագեցած, ձեռք կբերի նոր ծանոթություններ, գիտելիքներ և իր համար կբացահայտի Հայաստանը, որտեղ առաջին անգամ է հյուրընկալվում։

Ի դեպ, առաջիկայում «Աշնանային դպրոց» ծրագիրը կկազմակերպվի նաև ՀՊՄՀ գործընկեր՝ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարաններում, որտեղ իրենց մասնակցությունը կունենան նաև Մանկավարժականի ուսանողները։