ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աշնանային գույներ». առցանց ցուցահանդես-ստուգատես
29.11.2021
«Աշնանային գույներ». առցանց ցուցահանդես-ստուգատես

Օրերս Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Աշնանային գույներ» խորագրով ստեղծագործական աշխատանքների առցանց ցուցահանդես-ստուգատես:

Ցուցահանդեսում ներկայացված էին Սկզբնական կրթության ֆակուլտետի առկա և հեռակա ուսուցման համակարգերի տարբեր կուրսերի ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել էին «Կերպարվեստի դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու Հեղինե Խաչատրյանը նկատում՝ ֆակուլտետում նման միջոցառումները ավանդույթ են. առցանց ցուցահանդեսը ևս բացառություն չէ. «Այս անգամ իրենց ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն էին հայտնել նաև ֆակուլտետի շրջանավարտներից, ինչը խոսում է համալսարանի հետ նրանց հետադարձ կապի մասին»,-հավելեց դեկանը:

Ցուցահանդես-ստուգատեսին ներկայցված էին բնանկարներ, նատյուրմորտներ, ծեփակերտման, դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ:

«Ստեղծվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք կատարվել են ինչպես հեռավար հարթակում՝ գործնական պարապմունքների ժամանակ, այնպես էլ լսարանում կատարված աշխատանքների համար նախատեսված ժամերին։ Սոցիալական բազում դժվարությունների, անձի հուզական վիճակի հաղթահարման, կարգավորման միտումը արվեստի միջոցով եզակի հնարավորություն է ուսանողների համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության հեղինակ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ժաննա Խաչատրյանը:

«Աշնանային գույներ» խորագրով ստեղծագործական աշխատանքների առցանց ցուցահանդես-ստուգատեսի մասնակից, 3-րդ կուրսի ուսանողուհի Զարուհի Չախոյանը նշում է՝ կերպարվեստն իր համար դարձել է սիրելի գործունեության ձև, որի միջոցով կարողանում է դրսևորվել, ներկայացնել սեփական մտքերը:
Ջուլիետա Մանուկյանն էլ հավելում է՝ մեծ սիրով կատարել է ոչ միայն իր ստեղծագործական աշխատանքները, այլև ակտիվ մասնակցել է ցուցահանդեսի աշխատանքների ձևավորման և համակարգման գործընթացին:

Ժաննա Խաչատրյանը, ամփոփելով ցուցահանդեսը, նշեց՝ կերպարվեստն ապագա մանկավարժների համար երեխաների հետ աշխատելու հիանալի միջոց է՝ երեխայի «ես»-ի արտահայտման ու դրսևորման յուրահատուկ ձև, նրա յուրօրինակ անհատականությունը և ներաշխարհը բացահայտելու, սեփական տեսակետը արտահայտելու միջոց.«Նման ցուցահանդեսները ոչ միայն գեղագիտական հաճույք են պատճառում դիտողին, այլև զարգացնում ու կրթում են ուսանողների ստեղծագործական միտքը»: