«Երբ դուք ճանաչում եք աուտիզմ ունեցող մեկին, դուք միայն նրան եք ճանաչում»,- «Աուտիզմ և արվեստ» խորագրով միջոցառմանը նշեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ադամյանը։
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա շրջանակներում կենտրոնի, ՀՊՄՀ-ի և բուհի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի համագործակցության շրջանակներում կազմակերպված ձեռնարկի նպատակն էր բացահայտել աուտիզմի և արվեստի փոխադարձ կապը։
Հայկուհի Ադամյանը կարևորում է աուտիզմի և արվեստի համատեղումը․ աուտիզմ ունեցող շատ երեխաներ ունեն հաղորդակցման դժվարություններ, ինքնարտահայտման խնդիրներ, որոնք, ըստ նրա, հաճախ լուծվում են հենց արվեստի միջոցով․ «Արվեստի դասերը թույլ են տալիս նրանց դառնալ ավելի շփվող։ Թույլ տալով երեխաներին, որ իրենց զգացմուքներն արտահայտեն արվեստի միջոցով, հնարավորություն ենք ստեղծում և դռներ ենք բացում հաղորդակցության համար»,-նշեց նա և ներկայացրեց աուտիզմի համախտանիշ ունեցող համաշխարհային մեծությունների, որոնք ինքնարարտահայտվել են արվեստով և գրավել աշխարհը։
Ձեռնարկն ուղեկցվեց գիտական և թեմատիկ զրույցներով։
Արվեստին՝ հաղորդակցման համապատկերում անդրադարձավ ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի դասախոս Սևադա Սարգսյանը։ Ներկայացնելով կերպարվեստի գործառույթները՝ արվեստագետը նշեց՝ արվեստի այս ճյուղը վերադառնալով իր նախնական՝ հաղորդակցման գործառույթին, օգտագործելով իր արտահայտչական հնարավորությունները, լիիրավ կարող է հանդես գալ որպես հաղորդակցության միջով։
Ի դեպ, կենտրոնում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը․ շուրջ 28 ինքնատիպ աշխատանք երկու տարի կցուցադրվի Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում՝ ապահովելով արվեստի հետ յուրատեսակ հաղորդակցում։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը վստահ է ցանկացած խնդրի դեպքում արվեստը բուժող է և կարող է խաղաղություն բերել ։
Միջոցառման ընթացքում ՀՊՄՀ դասախոս Ալվինա Հայրապետյանը, որ նաև պրակտիկ մասնագետ է և աշխատում է աուտիզմով երեխաների հետ, ներկայացրեց «Հոգեբանական ախտորոշման հիմունքները նկարչական արտթերապիայի միջոցով» զեկույցը։
Նա իր ելույթում անդրադարձավ հոգեախտորոշիչ նկարչաթերապիայի մեթոդին և համեմատությամբ ներկայացրեց աուտիզմով և նորմայում զարգացող երեխաների պատկերած ստեղծագործությունները։
Աուտիզմի իրազեկմանը միտված ձեռնարկից անմասն չէին նաև ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողները։ Վերջիններս «Իմանանք ավելին աուտիզմի մասին» առցանց խաղին մասնակից դարձրին ներկաներին՝ հարստացնելով աուտիզմի մասին գիտելիքները։
Ձեռնարկն ամփոփեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Միասին» թատերախմբի սաները՝ ներկայացնելով նաև երգի պրեմիերա։ Վերջիններս հորդորեցին՝ հաղորդակցվել, համագործակցել, ընկերանալ, չխուսափել իրենց հետ շփումից և չխղճալ․«Նման ենք մենք իրար՝ ես ու դու»,-նշեցին սաներն ու հույս հայտնեցին, որ իրենց հետ շփումը կլինի հավասարը հավասարի պես, առանց լրացուցիչ ուշադրության։
Միջոցառման ավարտը խորհրդանշական էր․ ներկաները միասին՝ հաղորդակցվելով ստեղծեցին արվեստի գործ՝ ամբողջացնելով Սևադա Սարգսյանի կտավներից մեկը։
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի փոխդեկան Սուսաննա Մուրադյանը, կարևորելով ձեռնարկը, հույս հայտնեց, որ աուտիզմով երեխաները կներառվեն և չեն լինի հասարակությունից մեկուսացված։