Այսօր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Իրավագիտություն մասնագիտության մագիստրատուրայի որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանն ավարտական վկայականներ հանձնեց հեռակա համակարգի այս տարվա 20 շրջանավարտներին:
Շնորհավորելով ուսանողներին՝ Աղվան Հովսեփյանը խոստովանեց, որ շատերի պատասխանից իսկապես գոհ է եղել. «Տեսնելով տրված գիտելիքների անդրադարձը՝ մանկավարժը գոհ է մնում իր աշխատանքից. առավել գոհ կլինեմ, երբ կարողանաք ձեզ դրսևորել և օգնեք մարդկանց օրենքների ճիշտ կիրառման հարցում»:
Մագիստրոս շրջանավարտներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանից դիպլոմ ստանալը ուսանողների համար պարտավորեցնող համարեց:
Ռեկտորը խոստացավ անել հնարավոր ամեն բան, որ Մանկավարժական համալսարանը շրջանավարտների համար դառնա հպարտանալու առիթ:
Միանալով շնորհավորանքներին և բարեմաղթանքներին՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ մաղթեց, որ շրջանավարտներն ավարտական վկայականները ծառայեցնեն ոչ միայն զբաղեցրած պաշտոններին, այլև հայրենիքին ու հասարակությանը:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին բուհի ռեկտորին, որակավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին, ֆակուլտետի դեկանին՝ ուսումնառության համար լավ պայմաններ ստեղծելու, պրոֆեսորադասախոսական անձնակազմում առաջատար մասնագետներին ներգրավելու համար: Հարազատ կրթօջախին մաղթելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ, մագիստրոսները՝ որպես ապագա գործընկերներ, խոստացան անձնվիրաբար ծառայել ոլորտին: