Շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, երախտագիտության խոսքեր. Մանկավարժական համալսարանում շարունակվում է ավարտական դիպլոմների հանձնման գործընթացը:
Այսօր շրջանավարտներին բարի երթ մաղթեցին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, ինչպես նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների դեկանները, դասախոսները:
Մասնագիտական գիտելիքներով զինված՝ այս տարի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետին հրաժեշտ տվեց 75 շրջանավարտ՝ 30 բակալավր, 17 մագիստրատրոս, հեռակա ուսուցման համակարգի 28 ուսանող․ գերազանցության դիպլոմներ ստացավ նրանցից 15-ը։
«Դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին․ պատրաստ եք կատարելու մանկավարժի պատասխանատու և պատվաբեր առաքելությունը, կրթելու և դաստիարակելու ապագա սերունդներին։ Մանկավարժի աշխատանքի արդյունքը ցույց է տալիս ժամանակը․ մեզ փոխարինողները դուք եք, ձեզ փոխարինողները՝ նրանք, ում վաղն եք կրթելու»,- շնորհավորելով հիշարժան օրվա առթիվ՝ նշեց ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը՝ շրջանավարտներին մաղթելով երազանքների, նպատակների, ծրագրերի իրականացում, խաղաղ երկնքի տակ ապրելու և արարելու հնարավորություն։
Կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ավարտական դիպլոմների հանձնումը ուսումնառության տարիների յուրատեսակ ամփոփում համարեց, ինչը թույլ կտա աշխատաշուկայում զբաղեցնել իրենց արժանի տեղը։
Նա խորհուրդ տվեց ուսումը շարունակել նաև մագիստրատուրայում՝ վստահեցնելով, որ այն հնարավորություն կտա ամրապնդելու ձեռք բերված կարողություններն ու մասնագիտական հմտությունները։
Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիրինե Շողերյանն էլ վստահ է՝ կյանքի կարևորագույն շրջափուլը վաղը հիշվելու է որպես լավագույն տարիներ։ Նա շրջանավարտներին հորդորեց բարձր պատասախանտվությամբ մոտենալ իրենց մասնագիտությանը և վստահեցրեց՝ Մանկավարժական համալսարանի դռներն այսուհետ ևս բաց են նրանց առջև։
Շրջանավարտներին մասնագիտական տարբեր խնդիրները լուծելու ճանապարհին հաջողություններ և անձնական երջանկություն մաղթեցին նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։
Վստահեցրին՝ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մշտապես պատրաստ է օգնելու, աջակցելու իրենց շրջանավարտներին՝ և´ անձնային, և´ մասնագիտական աճը զարգացնելու համար։
«Առանց կրթության որևէ պետություն չի կարող գոյություն ունենալ, իսկ առանց բնագիտական կրթության չի կարող լինել ուժեղ պետություն»,- շնորհավորելով շրջանավարտներին կյանքի կարևոր շրջափուլի ավարտի առիթով՝ նշեց դեկան Գագիկ Դեմիրխանյանը։
Ֆակուլտետն այս տարի ունեցավ 140 շրջանավարտ՝ 63 բակալավր, 26 մագիստրոս, հեռակա ուսուցման համակարգի 28 ուսանող․ գերազանցությամբ ավարտեց 34 աբովյանական։
Շրջանավատներին շնորհավորեց նաև Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ մաղթելով՝ իրենց կարողություններով ապացուցել, որ արժանի են լինելու Մեծ Լուսավորչի անունը կրող մանկավարժական մայր բուհի սաները։
Վերջինս ավարտական դիպլոմների հետ մեկտեղ շրջանավարտներին հանձնեց Խաչատուր Աբովյանի գործունեությանը և Գագիկ Դեմիրխանյանի հեղինակած՝ «Հարաբերականության հատուկ տեղության տարրեր» խորհրդանշական գրքույկներ՝ մաղթելով երջանկություն և հաջողություններ։
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին հարազատ կրթօջախին՝ խոստանալով հավատարիմ մնալ ուսուցչի վեհ կոչմանը։