ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական դիպլոմներ` Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի շրջանավարտներին
26.06.2023
Ավարտական դիպլոմներ` Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի շրջանավարտներին

Մանկավարժական համալսարանում տոնական մթնոլորտում և բարձր տրամադրությամբ մեկնարկեց ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Առաջինը դիպլոմներ ստացավ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի 86 շրջանավարտ՝ 34 բակալավր, 22 մագիստրատրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 30 աբովյանական՝  28-ը գերազանցության։

Հիշարժան  և կյանքի ամենանվիրական օրվա առթիվ շրջանավարտներին շնորհավորեցին  Ֆակուլտետի ղեկավար կազմն ու ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահները։

Դեկան Էդգար Հովհաննիսյանը հույս հայտնեց,  որ բուհում ստացած գիտելիքները կծառայեն  ի նպաստ շրջանավարտների և պետականության․ զինված գիտելիքներով կկարողանան ազգային կրթության հիմքերը դարձնել առավել ամուր և նպատակային։

Վստահ է՝  պետությունը  նախևառաջ ուժեղ է ազգային կրթական համակարգով, որի առաքելությունը վերապահված  է նրանց․«Եղեք երազող, բայց նաև իրատես՝ իրականացնելու այդ երազանքները։ Հզոր ազգային պետություն և ուժեղ կրթական համակարգ  ստեղծելու առաքելությունը վերապահված է ձեզ․ անկախ նրանից, թե  որ ոլորտում կլինեք, հավատարիմ եղեք ձեր կոչմանն ու առաքելությանը»։

ՀՊՄՀ շրջանավարտ Վահե Թորոսյանը խոստովանում է՝ մեծ պատիվ է նախագահել  «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը,  կրկնակի պատիվ՝  բուհի շրջանավարտներին հանձնել ավարտական վկայականներ։

Նկատում է՝ ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ ուսուցչի մասնագիտությունն ամենահեղինակավորներից է։ Մեջբերելով միջնադարյան հայտնի ճառերից մեկը, թե  ուսուցման համար 3 նախապայման է անհրաժեշտ՝   անդորր տեղ, խաղաղ ժամանակ,  ուսուցանելու կամք և  ուսանելու ցանկություն, որպես ՀՊՄՀ շրջանավարտ, վստահեցնում է՝ հատկապես 3-րդը բուհում ապահովված է։

Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանն էլ դիմելով շրջանավարտներին վստահեցրեց՝ պատրաստ են հետագա  համագործակցության և  մասնագիտական նոր գիտելիքներով զինելուն։

Պրոֆեսոր Գևորգյանը նկատում  է՝ ՀՊՄՀ շրջանավարտները ինչպես այսօր,  այնպես էլ անցյալում և ապագայում ակտիվ դերակատարում են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը ևս միացավ օրվա առթիվ հնչած  բարեմաղթանքներին և հաջողություն մաղթեց շրջանավարտներին՝ կյանքի նոր փուլ թևակոխելու, կարևոր փորձաշրջանը հաղթահարելու  համար։

Պրոֆեսորը չի թաքցնում՝  նվիրում և ջանք է գործադրվել բաղձալի օրվան հասնելու համար։ Ընդգծում է՝ ուսումնառության ընթացքը չի եղել սոսկ աշխատանքային պարտականությունների կատարում, այլ պարզ գիտակցում, որ այսօրվա ուսանողը հաջորդ սերնդին դաստիարակողն է։

Խաչատուր Ստեփանյանը հորդորեց լինել հայրենասեր և պետականամետ․ «Վատ ուսուցչի աշակերտը չի կարող  լավ  քաղաքացի և  պետական գործիչ լինել։ Մանկավարժը բարձր արժեքներ կրող է․ պարտավոր եք ստանձնել այդ կարևոր առաքելությունը, ջանք ու եռանդ նվիրել՝ արժանի լինելու նաև ձեր սերնդակից նահատակներին։ Կյանքում շատ հիասթափություններ կլինեն, որպես նոր կյանք մտնող եռանդուն երիտասարդներ՝ ոչ միայն կարող եք, այլև պարտավոր եք հույս ներշնչել բոլորին»,-հավելեց նա։

Հասարակագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հայկ Սուքիասյանն էլ նկատում է՝ շրջանավարտներն ավարտում են  մեր երկրի ամենաիմաստացած բուհերից մեկը։  Նա հույս հայտնեց, որ ապագա մանկավարժները գիտելիքից բացի, իրենց  հետ կտանեն նաև այդ իմաստությունը։

«Հասարակագիտություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Դավիթ Հակոբյանը, շնորհավորելով ուսանողներին, հորդորեց նրանց իրենց գործունեությունը շարունակելիս չլինել կաղապարված, այլ ստեղծել աշխատանքներ, որոնք կլինեն համամարդկային։