Այսօր Մանկավարժակական համալսարանի մի շարք ֆակուլտետների շրջանավարտներ հանդիսավորությամբ ստացան ավարտական դիպլոմներ։
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում աբովյանականներին շնորհավորեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ խորհրդի անդամ Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով հետաքրքիր աշխատանքային գործունեություն, արդյունավետ ու բեղուն ընթացք։
Փոխնախարարը, որը նաև ՀՊՄՀ շրջանավարտ է, հույս հայտնեց, որ հատուկ մանկավարժների նոր սերունդը ստացած կրթության շնորհիվ ոլորտում կբերի անհրաժեշտ փոփոխություններ․ «Համընդհանուր ներառական կրթությունը ներդրվում է կրթական բոլոր մակարդակներում։ Սա նշանակում է, որ մեր երկրի ուսումնական հաստատությունները, մանկավարժները և սովորող ՀՀ քաղաքացիներն ունենալու են մանկավարժահոգեբանական աջակցության կարիք․ ձեր մասնագիտության պահանջը մեծ է լինելու։ Երբեմն ցավով ենք նշում, որ մեր տրամադրած ծառայության կարիքը տարեցտարի մեծանում է, սակայն գործընթացը պետք է լայն դիտարկել․ վստահ եմ, որ ուսումնառության ընթացքում յուրացրած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները միտված կլինեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև յուրաքանչյուր սովորողի աջակցմանը»,- նշեց Արաքսիա Սվաջյանը։
Այս տարի ֆակուլտետն ունի 123 շրջանավարտ՝ 39 բակալավր, 46 մագիստրատրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 38 աբովյանական․ բուհը գերազանցությամբ ավարտեց 47-ը։
Շրջանավարտներին շնորհավորեցին, բարեմաղթանքներ հղեցին ֆակուլտետի դեկանը, նաև ամբիոնների վարիչները, դասախոսները։
Բարի ընթացք մաղթեց նաև ՀՊՄՀ պրոռեկտոր, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դոցենտ Մարիաննա Հարությունյանը, ով լիահույս է՝ հատուկ մանկավարժները հաջողություններ կգրանցեն մասնագիտական ոլորտում և բարձր կպահեն բուհի պատիվը։
Հատուկ կրթության ֆակուլտետն այս տարի գերազանացությամբ ավարտեց նաև Մադլեն Մինասյանը։ Հպարտ է, որ ընտրել է լոգոպեդի մասնագիտությունը․ բակալավրիատի տարիներից գործունեություն է ծավալում այդ ոլորտում։ Դեռևս չի պատրաստվում հրաժեշտ տալ հարազատ կրթօջախին․ պլանավորել է ուսումը շարունակել նաև ասպիրանտուրայում։ Վստահեցնում է՝ ընտրել է լավագույն մասնագիտությունը․ կրտսեր ընկերներին խորհուրդ է տալիս չբավարարվել բուհում ստացած գիտելիքներով, այլ ինքնակրթվել և զարգանալ ամեն օր։
Այսօր կյանքի կարևոր շրջափուլի ավարտի առթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքի խոսքեր հնչեցին նաև Կրթության հոգաբնության և սոցիոլոգիայի ֆակուլտետում։
Ավարտական դիպլոմները շրջանավարտներին հանձնեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, դեկան Ռուզաննա Պետրոսյանը, ամբիոնների վարիչները։
Այս տարի ֆակուլտետն ունի 227 շրջանավարտ՝ 113 բակալավր, 33 մագիստրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 81 աբովյանական․ բուհը գերազանցությամբ ավարտեց 43-ը։
«Մեր ձեռքը պետք է լինի դարի զարկերակին․ շնորհավորում եմ և վստահեցնում՝ ձեր նկատմամբ պարտականությունները կատարված են։ Անկատար չի թողնվել կրթական ծրագրով նախատեսված որևէ գործառույթ։ Կարծում եմ, որ կարողացել ենք փոխանցել տեսական և գործնական անհրաժեշտ հմտություններ, տալ այն, ինչն անհարժեշտ է այսօրվա շրջանավարտին ժամանակակից աշխատաշուկա մուտք գործելիս»,-շնորհավորելով նրանց՝ նշեց ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը և շնորհակալություն հայտնեց՝ տարիների պատմություն, մեծ փորձառություն և իմաստություն ունեցող ֆակուլտետում ուսանելու համար։
Համոզված է՝ պատվով կկրեն բուհի շրջանավարտի կոչումը, ապագայում ևս հպարտանալով հարազատ ֆակուլտետով։