«Ուսուցչին բնութագրող ամենակարևոր հատկանիշը երեխաներին սիրելն է. եթե սիրեք երեխաներին, աշխատանքային գործունեությունն առավել արդյունավետ կլինի: Սերը դժվար բան է, սակայն երեխային չսիրել հնարավոր չէ»,- նշեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի մագիստրոսներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառման ընթացքում:
Փոխնախարարը, ով եղել է նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահը, շրջանավարտներին հորդորեց յուրաքանչյուր երեխայի կրթության և դատիարակության հարցը լուծել անկախ երեխայի և նրա ծնողի ցանկությունից՝ չսպասելով հասարակության գնահատանքին: «Ուրախ եմ, որ դուք ևս ընդգրկվեցիք մանկավարժների հզոր բանակին: Եղեք լավագույն ուսուցիչներ և վստահ եմ՝ դեռևս ձեզնով հպարատանալու առիթ կունենամ»,- ամփոփեց Մանուկ Մկրտչյանը:
Մագիստրոս-շրջանավարտներին շնորհավորեց նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը՝ միևնույն ժամանակ հորդորելով երբեք չդադարել զբաղվել ինքնազարգացմամբ. «Պետք է աշխատեք, որպեսզի հետ չմնաք ժամանակից, կարողանաք բավավարել ժամանակակից երեխայի պահանջներին»:
Տոնական ջերմ մթնոլորտում ուսանողները ևս շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրենց մշտապես աջակցելու և ընտրած ճանապարհին ճիշտ ուղեկից լինելու համար: