ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական վկայականներ՝ լեզվաբանների նոր սերնդին
04.07.2025
Ավարտական վկայականներ՝ լեզվաբանների նոր սերնդին

«1930 թվականին հիմնադրված Բանասիրական ֆակուլտետը Մանկավարժական համալսարանի ստեղծման պատմության ակունքներում է։ Այս կառույցը մոտ մեկ դար պայմանավորում է մեր շրջանավարտների լեզվի իմացությունը, անաղարտությունը, դրա միջոցով մեր ինքնության, պատմության, մշակույթի պահպանումը, ապագային միտված գիտական նվաճումներով ուղղորդելու առաքելությունը։ Ուստի, ջերմորեն շնորհավորում եմ ֆակուլտետի ողջ համակազմին ծանր, բայց պատվաբեր առաքելության ներքո մշտապես ձեր կողքին լինելու, ուղղորդելու, զարգացման և այսօրվա հրաժեշտն ապահովելու առթիվ», - Մանկավարժական համալսարանում կայացած ավարտական վկայականների հանձնման արարողությանը նշեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Ռեկտորը շնորհավորեց նաև բուհի ամենաերիտասարդ՝ Օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտներին, նկատելով՝ 2000 թվականին հիմնադրված կառույցն իր կարևոր և հսկայական ներդրումն է ունեցել կրթօջախի կյանքում, լեզվի զարգացման գործում, հստակ ուրվագծելով իր տեղը, մասնագիտական ձեռագրաբանությունը ոչ միայն ՀՀ-ում, այլև միջազգային տիրույթներում։

Սրբուհի Գևորգյանն ընդգծեց օտար լեզվի դերակատարումը 21-րդ դարի ուսուցչի համար․«Մեր առաքելության, որակի դրսևորման այն չափանիշը, որով մենք հպարտանում ենք, ներկայանում ենք մասնագիտական հանրությանը, այսօր հաղորդակից ենք դարձնում նաև ձեզ։ Ուսանողը մեր բուհի մեծագույն կապիտալն է՝ մարդկային և մասնագիտական առումով»,- նկատեց ռեկտորը։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ավարտական նման հանդիսությունները հուզիչ լինելուց բացի, համարում է կամուրջ՝ ձեռքբերումների ներկայիս ափի և հեռանկարային ձեռքբերումների միջև․«Կամուրջը չի քանդվելու․ սա ձեր հոգու տունն է, որը միշտ սպասելու է ձեր վերադարձին»,-նշեց դեկանն ու հպարտությամբ ընդգծեց՝ ֆակուլտետի ուսանողներն իրենց մասնագիտական գիտելիքներով պատիվ են բերում բուհին։

Օտար լեզուների ֆակուլտետն այս տարի ավարտեց 104 հոգի, նրանցից գերազանցության վկայական ստացավ 21-ը։

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը Մանկավարժականի զինվորագրված սան է 1984 թվականից։ Նա միացավ բացառիկ օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին և նշեց՝ գիտության լույսը բոլոր ժամանակերում սիրո և ակնածանքի առարկա են եղել, այնպես, ինչպես՝ ուսուցիչը։

Աշոտ Գալստյանը մեծ հպարտությամբ նկատեց՝ ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են հանրապետության և Սփյուռքի բոլոր դպրոցներում․ լիահույս է, ներկայիս շրջանավարտները կդառնան հրաշալի ուսուցիչներ, կաշխատեն դպրոցներում և իրենց հոգու լույսը կփոխանցեն մատաղ սերնդին։

Բանասիրական ֆակուլտետն ուսումնական այս տարում ունեցավ 116 շրջանավարտ․ նրանցից 13-ը ստացավ կարմիր դիպլոմ։