«Բարի գալուստ «Հրաշքների աշխարհ», որտեղ տարիներ առաջ մի թագավորության շնորհիվ միավորվեցին Հայաստանի, Արցախի, Բելառուսի, Հունգարիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Ֆինլանդիայի դքսությունները` ժողովուրդների և մշակույթների մերձեցման, համգործակցության և ընկերական կապեր ստեղծելու համար»,-Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում «Ամառային դպրոց 2016» միջազգային ուսանողական ծրագրի պաշտոնական փակման հանդիսավոր արարաղությանը նշեցին հանդիսավար-ուսանողները:
Վերջիններս մեծ ոգևորությամբ նկատեցին, որ փոքրիկ թագավորությունը հենց սկզբից գրավեց «դքսությունների» ուշադրությունը, որոնք ցանկացան միավորվել, դառնալ այդ ընտանիքի մի մասը.«Հայկական դիցաբանության աստվածների`Արամազդի, Անահիտի, Աստղիկի, Նանեի, Տորքի և Վանատուրի անուններով ստեղծվեց վեց թիմ, որտեղ ընդգրկված տարբեր ազգերի ներկայացուցիչներն օրեր շարունակ խմբային աշխատանքներով առավել մտերմիկ շփում հաստատեցին»,-հավելեցին նրանք, ապա ամբիոն հրավիրեցին բուհի ռեկտորին:
Ռուբեն Միրզախանյանը պրոֆեսորդասախոսական կազմի և ուսանողների անունից ողջունեց ամառային դպրոցի մասնակիցներին` համոզմունք հայտնելով, որ այս օրերին ուսանողները հասցրին ճանաչել Հայաստանը.«Վստահ եմ, որ մեր հայրենիքի գեղատեսիլ վայրերը, զարմանահրաշ բնությունը, հնագույն եկեղեցիներ, տաճարներ, հետաքրքրաշարժ թանգարաններ և պատկերասրահներ կատարած այցերը, ցանկություն կառաջացնեն վերադառնալ Հայաստան: Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ ծրագիրն ընդլայնում է իր աշխարհագրությունը. նախորդ տարիներին մասնակից բուհերի կողքին այսօր կան նորերը, որոնց հետ հաջորդ տարի դարձյալ կհանդիպենք»:
Ռուբեն Միրզախանյանը մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր` հիշեցնելով, որ դրանք համարժեք են երեք կրեդիտի,ինչն ուսումնառության ընթացքում անհրաժեշտ է և օգտակար:
Հանդիսավոր միջոցառումը շարունակվեց ինչպես հատուկ է հայկական ավանդական հյուրընկալությանը. ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներն աղուհացով և ժողովրդական պարով դիմավորեցին Ֆինլանդիայի Օուլուի, Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ, Լիտվայի Կրթական Գիտությունների, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական, Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժականի, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանների «դքսությունների» ներկայացուցիչներին:
Վերջիններս ևս պատրաստել էին անակնկալներ.ժողովրդական պարեր, սիրո, պատերազմի, մանկության և այլ թեմատիկաներով ազգային խաղերգեր, բեմականացումներ` հայտնի հեքիաթներից:
«Ամառային դպրոց 2016» միջազգային ուսանողական ծրագրի հերթական նորարարությունը կազմակերպիչների կողմից տրվող հանձնարարությունների միջոցով Երևանի ամենահայտնի վայրերը գտնելն էր և այդ մասին տեսաշար պատրաստելը:
Տեղանքի վերաբերյալ անցորդներից արված հարցումները, ճարտարապետության վերաբերյալ անցորդների կարծիքները, նկարահանած մի քանի ֆիլմերից հաղթանակ բերեց օրիգինալ և իմաստուն Արամազդի դստեր `«Անահիտ» թիմին, որի պատրաստած ֆիլմը ներկաներն ունկնդրեցին մեծ հետաքրքրությամբ:
Մանկավարժական համալսարանին ուղղված շնորհակալական խոսքեր, ակտիվ ժամանց, լիարժեք հանգիստ, համեղ սնունդ, պատմաճանաչողական այցեր, միջմշակութային հաղորդակցության և բարձրագույն կրթական համակարգի վերաբերյալ ոչ ֆորմալ դասախոսություններ:
Միջոցառման ավարտին մասնակից երկրների պատվիրակներն իրենց տպավորություններով կիսվեցին ներկաների հետ. նրանց բոլորին միավորում էր նույն կարծիքը` Հայաստանը հյուրընկալ է, գեղեցիկ, առանձնահատուկ, իսկ Մանկավարժականի կազմակերպած ամառային դպրոցը` գերհագեցած և անմոռանալի.չեն ցանկանում, որ այն ավարտվի:
Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանն այս տարի առաջին անգամ է միացել «Ամառային դպրոց 2016» միջազգային ուսանողական ծրագրին: Բուհի ուսանող Դանիել Կոստիկը չի թաքցնում` սկզբում մի փոքր տարօրինակ էր թվում, որ մյուս երկրների ուսանողները երգում, պարում են փողոցումներում: Ժամանակի ընթացքում այդ ազատությունն ու ուրախությունը սկսեց դուր գալ իրեն. այսօր արդեն վերադարձի մասին հիշելիս տխրում է և հուզվում:
old.aspu.am-ի հետ զրույցում հունգարացի ուսանողն ընդգծում է` Հայաստանից շատ բան կա տանելու. ընկերներին պատմելու է երկրի հարուստ մշակույթի, պատմության մասին, չի մոռանալու նաև իր հետ վերցնել հայկական կոնյակն ու հուշանվերներ:
Անդրեյ Պետկինը Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանող է.ամառային դպրոցին երկրորդ անգամ է մասնակցում և ընդգծում` ծրագրիրը տարեցտարի դառնում է գերհագեցած և բովանդակալից:
Ռուսաստանից ժամանած ուսանողն ընդգծում է`անհնար է չհիանալ հայ ժողովրդի դարավոր մշակույթով, մարդկանցով, նրա առօրյայով:
Այս տարի կատարած այցն Անդրեյ Պետկինի համար ունի նաև գիտական նշանակություն.Հայաստանում կատարած վերլուծությունների միջոցով ամբողջացնելու է իր գիտական աշխատությունը, որը երկրաշարժի, պատերազմի ժամանակ հետսթերսային խանգարումներով մարդկանց մասին է.«Նախորդ տարի ծրագրում գերակշռում էին դասախոսությունները, այս տարի այն առավել էքսկուրսիոն բնույթի էր. հենց տեղում ծանոթանացանք արևելքի մասը կազմող հայ ժողովրդին և նրա պատմությանը: Տեղեկատվություն, փորձ, գիտելիք, ընկերներ. Հայաստանից հեռանում եմ ձեռքբերումներով և իմաստնացած»:
Արցախի պետական համալսարանի ուսանող Քրիստինա Խաչատուրյանի համար էլ «Ամառային դպրոց 2016»-ի կարևորագույն մասը թիմային աշխատանքն ու ոչ ֆորմալ կրթության ձևաչափն է:
Հատկապես տպավորված է հունգարացի և լիտվացի ուսանողներով. նրանց հետ մեկ թիմում լինելն օգնել է ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ նոր, հետաքրքիր տեղեկատվություն հավաքագրելուն:
Ցանկությունը մեծ է համալսարան վերադառնալուն պես կիսվել փորձով և նպաստել բուհում դրա կիրառմանը ևս:
Արցախցի ուսանողուհին նկատում է` գերհագեցած առօրյան, զբաղվածությունը ստիպում են խոստովանել` տպավորությունները դրական են, ծրագիրը` ոգևորող:
Միջոցառման ավարտին օտարերկրյա մասնակիցները հուշանվերներ հանձնեցին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, պրոռեկտորներին, Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանին և ՀՊՄՀ-ի ՈւԽ- նախագահ Ներսիկ Մարգարյանին:
Նշենք, որ Մանկավարժական համալսարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ արդեն չորրոդ տարին իրականացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը:
Այս տարի ծրագրին մասնակցում էին Ֆինլանդիայի Օուլուի , Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ, Լիտվայի Կրթական Գիտությունների, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական, Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանների և ՀՊՄՀ-ից՝ ընդհանուր առմամբ 84 ուսանող: