ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտվեց «Ամառային համալսարան 2024»-ը
22.07.2024
Ավարտվեց «Ամառային համալսարան 2024»-ը

Ավարտվեց «Ամառային համալսարան 2024»-ը Բորիս Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում մեծ հանդիսավորությամբ կայացավ «Ամառային համալսարան 2024» միջազգային ծրագրի փակման արարողությունը։

Նախագծին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Հարավային Օսեթիայի գործընկեր համալսարանների 3-4-րդ կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանից։

Երկու շաբաթ տարբեր երկրներից ժամանած ուսանողներ ծանոթացան Ռուսաստանի, ինչպես նաև մասնակից մյուս ազգերի մշակույթին, նոր գիտելիքներ ձեռք բերեցին մասնագիտական ոլորտում, մշակեցին նախագծեր:

Ուսումնական ծրագիրն ընդգրկում էր 9 ոլորտ․ դասընթացները վարում էին բուհի փորձառու մանկավարժները։ Կրթական ծրագրի արդյունքների հիման վրա թիմերը եզրափակչի օրը ներկայացրին իրենց նախագծերը․ժյուրին ընտրեց հաղթողներին։

Ռուսալեզու թիմերի շրջանում լավագույնը ճանաչվեց «Ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսի զարգացման համար» նախագիծը, իսկ «Լիզին ամինաթթվի արտադրությունը» նախագիծը՝ անգլալեզու ծրագրերի շարքում։

Ծրագիրը հարուստ էր նաև մշակութային միջոցառումներով. մասնակիցները այցելեցին Սվերդլովսկի մարզի լավագույն թանգարանները, շրջագայեցին քաղաքի առաջատար արդյունաբերական ձեռնարկություններով:

Ուրալի դաշնային համալսարանի ռեկտոր Վիկտոր Կոկշարովը կարևորեց ձեռնարկն ու հույս հայտնեց, որ «Ամառային համալսարան 2024» միջազգային նախագիծը, որ համախմբել էր տաղանդավոր երիտասարդների, արդյունավետ էր և բովանդակալից․«Ամենակարևոր ձեռքբերումներից է նաև, որ դուք սովորեցիք շփվել թիմերով, սովորել ոչ միայն մանկավարժներից, այլև միմյանցից:

Ծրագիրն օգնեց կառուցել կամուրջներ երկրների միջև»,- նշեց նա և ընդգծեց՝ պատրաստ են կրկին հյուրընկալել իրենց համալսարանում՝ որպես ուսուցիչներ, գիտաշխատողներ, ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև պարզապես հյուրեր և գործընկերներ։ «Ամառային համալսարան»-ի ավարտը նշանավորվեց համերգով և ֆլեշմոբով։

Հիշեցնենք, որ «Ամառային համալսարան-2024»-ին մասնակցում էր նաև Մանկավարժականի համալսարանի 7 ուսանող։ Վերջիններս old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին՝ կրթական ծրագիրն իրենց պարգևեց նոր գիտելիքներ, գաղափարներ և ընկերներ։ Վստահ են՝ իրենց թիմի մշակած նախագիծը կյանքի կկոչվի, իսկ բարեկամական կապերը՝ կշարունակվեն։