ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ
24.03.2023
Այցելեցին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում շարունակվում են այցելությունները հանրակրթական և միջին մասնագիտական տարբեր ուսումնական հաստատություններ:

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի մասնագիտական կողմնորոշման իրազեկման խմբի անդամները՝ դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանի գլխավորությամբ, այցելել էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ:

Ընտրությունը պատահական չէր․քոլեջի մանկավարժական և վարչական կազմի գերակշիռ մասը Մանկավարժականի տարբեր ֆակուլտետների շրջանավարտներ են: Հաստատության շրջանավարտները բարձրագույն կրթությունը շարունակելու նախապատվությունը տալիս են հենց մանկավարժական մայր բուհին:

ՀՊՄՀ ներկայացուցիչները քոլեջի ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրին 100-ամյա բուհի պատմությունը, ֆակուլտետները, մասնագիտությունները, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցությունը, ինչպես նաև շարունակական կրթության առավելություններն ու առանձնահատկությունները:

«Այս դժվարին ժամանակներում մշակույթի և արվեստի ոլորտներում մասնագիտական ընտրություն կատարելը հերոսություն է»-, նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը և խոսեց հայոց լեզվի, գրականության, արվեստի ու մշակույթի ընդհանրությունների և բանասիրական ֆակուլտետի ավանդույթների մասին։

Ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ և երկրորդ մասնագիտությամբ ռեժիսոր Նաիրա Խաչատրյանն էլ նկատում է՝ մայրենի լեզվին տիրապետելը, հայ գրականության լավագույն նմուշներին ծանոթ լինելը անհրաժեշտություն է ոչ միայն լեզվաբանների ու գրականագետների, այլև ռեժիսորի, դերասանի, նկարչի, լրագրողի և այլ մասնագիտություններ ընտրածների համար՝ շփման կարողությունների զարգացման, գրագիտության տեսանկյունից։

Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Մերի Առաքելյանը, հանդիպման ընթացքում ներկայացնելով բուհում ուսանողական գերհագեցած առօրյան, մշակութային, մարզական, ինտելեկտուալ և ժամանցային ծրագրերը, ամառային և ձմեռային հանգիստը, վստահեցրեց՝ ձանձրանալու առիթ չի լինի։

Քոլեջի հայոց լեզվի և գրականության դասախոս, բանասիրականի շրջանավարտ Սոնա Վանյանն էլ ոգևորությամբ և երախտագիտությամբ վերհիշեց Մանկավարժականում անցկացրած ուսանողական տարիներն ու դասախոսներին։

Մանկավարժականի ներկայացուցիչները Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի գրադարանին նվիրեցին Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գրքեր, գիտական հրատարակություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Այցի ընթացքում քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի և ղեկավար կազմի քննարկվեցին, նախանշվեցին հետագա համագործակցության հետ կապված հարցեր. մասնագետների փոխգործակցություն, ուսանողների պրակտիկաների անցկացում, համատեղ միջոցառումների կազմակերպում, փոխայցելությունների շարունակականություն: