ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է
15.10.2023
Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

1809 թվականի հոկտեմբերի 15-ին է ծնվել հայ ականավոր գրող, մանկավարժ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը։

1948 թվականից Մանկավարժական համալսարանը կրում է մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը: Արդեն մեկ դար շարունակ համալսարանը կրթում և ազգային դպրոց է ճանապարհում աբովյանականների՝ մանկավարժների տասնյակ սերունդներ։

Առաջին կուրսի յուրաքանչյուր ուսանող Մանկավարժական համալսարան է մտնում՝ զինվորագրվելու այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչն է եղել Մեսրոպ Մաշտոցը։ Իրենց նորամուտը բուհ ուսանողները նշանավորում են ուսուցչապետին երդմամբ, որ Խաչատուր Աբովյանի անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր կդառնան դարերի կանչին,պահապանը կլինեն հայոց գիրուգրի:

Ապագա մանկավարժներն իրենց հանդիսավոր երդմամբ խոստանում են հավատարիմ մնալ այն վեհ կոչմանը, որին հավատարմագրվել են կամովին։

Այս ուսումնական տարում Մանկավարժաան համալսարանի առաջին կուրսեցիների երդման պաշտոնական արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 20-ին։

Խաչատուր Աբովյան մեծ մտածողի, մանկավարժի սկզբունքներն ու գրական հարուստ ժառանգությունը պետք է ուղենիշ լինեն մանկավարժների համար՝ ազգին և հայրենիքին նվիրյալ զավակներ կրթելու պատասխանատու և պարտավորեցնող գործում։