ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Լոգոպեդի միջազգային օրն է
14.11.2016
Այսօր Լոգոպեդի միջազգային օրն է

 

Նոյեմբերի  14-ին նշվում է Լոգոպեդի միջազգային օրը.մասնագիտական տոնի առթիվ, Մանկավարժական համալսարանի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի նախաձեռնությամբ բուհում  անցկացվեցին  մի շարք միջոցառումներ:

Աշխատաժողով, ուսանողների ձեռագործ խաղերի ցուցադրություն, տեղեկատվական  թերթիկների տարածում քաղաքի մարդաշատ վայրերում և այս տարվա նորարարությունը՝ լոգեպեդական ուղղվածություն ունեցող որոնողական խաղ, որի ընթացքում ուսանողները տարբեր հարցերի միջոցով փորձեցին գտնել, լուծել հաղթահարել իրենց տրված առաջադրանքները:

Ձեռնարկի մասնակիցներին ողջունեց և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց մանկավարժական գիտությունների թեկնածու Արմինե Կիրակոսյանը՝ առաջին անգամ ներկայացնելով ամբիոնի դոցենտ Սիրան Կարապետյանի հետ համատեղ հրատարակած ուսումնական՝ «Լոգոպեդական հետազոտության տեսագործնական մոտեցումները» ձեռնարկը:

Մանկավարժական գիտությունների թեկանծու Աստղիկ Գրիգորյանն էլ ներկայացրեց արտաբերական վարժություններ՝ չափածո բանաստեղծությունների ձևաչափով:

Լոգոպեդի մասնագիտական տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց նաև ԱՄՆ-դասախոսների փոխանակման Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետում դասավանդող ԱՄՆ-ի Քոնքորդիա համալսարանի պրոֆեսոր Քևին Միլլերը:

Ամերիկացի պրոֆեսորը ներկայացրեց կայքում տեղադրված լոգոպեդներին և սուրդոմանկավարժներին ուղղված հետազոտությունների արդյունքները, որոնց հիմնական նպատակն էր պարզել այն առաջնային խնդիրները, որով պետք է անհանգստացած լինի մասնագետը  երեխաների հետ աշխատելիս:

Պրոֆեսորը նկատեց, որ մասնագիտության մեջ հաղորդակցման խնդիրն առկա է ինչպես արևմուտքում, այնպես էլ Հայաստանում, ապա հարցուպատասխանի միջոցով ճշտեց գործող և ապագա մասնագետների կարծիքները դեռահասության տարիքում հաղորդակցության վրա ազդող գործոնների վերաբերյալ:

Ձեռնարկի շրջանակներում ուսանողները ևս հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով  լոգո-հեքիաթներ, որն օգնում է լոգոպեդական աշխատանքների համար ստեղծել խոսքային նյութեր:

Մասնագիտական տոնի առթիվ ուսանողների  պատրաստած ձեռագործ խաղերը տարբերվեցին  նախորդներից՝  զարմացնելով  իրենց կիրառելիությամբ և առանձնահատկություններով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դասախոս  Էմիլիա Թադևոսյանը նշեց, որ խաղերի հեղինակ-ուսանողները դրանք  պատրաստել են  երկու դասընթացի շրջանակներում, որոնց նպատակն է  մարզել խոսքային շնչատությունը,  մանր մոտորիկան, ապրապնդել  հնչյունները, ինչպես նաև  զարգացնել միևնույն  հնչույթները տարբերակելու կարողությունները:

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոսը ներկայացված խաղերից առանձնացրեց  էլեկտրոնայինը, որը ստեղծվել էր  միջանկյալ քննության համար և հետագայում ևս  կծառայի որպես լոգոպեդի աշխատանքային գործիք:

Ինչպե՞ս վերականգնել խոսքը կաթվածից հետո և ինչ անել, եթե երեխան ունի կարճ ենթալեզվային սանձիկ.լոգոպեդի օրվան նվիրված ձեռնարկն ամփոփող թեմաների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներն անցորդներին փոխանցողներից է նաև  Արաքսյա Լոբոդիչը:

Մանկավարժական համալսարանի ուսանողը, որը  երկրորդ տարին է ուսումնասիրում լոգոպեդի մասնագիտության գաղտնիքները, շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ  և ուրախությամբ նշեց՝ օրվա առթիվ կազմակերպված ձեռնարկը ևս մեկ անգամ հաստատեց  մասնագիտական ճիշտ ընտրության և դրա շնորհիվ ստեղծագործելու  լայն հնարավորությունների մասին:

«Լոգոպեդի մասնագիտական տոնը սկսել են կարևորել և նշել նաև Հայստանում, ինչը մեծացնում է մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը: Նման ձեռնարկների շնորհիվ ուսանողները ևս դառնում են առավել ակտիվ և գիտակցում՝ սա նաև իրենց տոնն է»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը՝ գործընկերներին մաղթելով եռանդ և մասնագիտական երկարակեցություն: