1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև մեր երկրում. աշխարհի ամենահին լեզուներից մեկը՝ հայերենը, հայ ժողովրդի մեծագույն հարստությունն է, մեր մտածողության հիմքն ու հոգեկերտվածքի ձևավորման կարևոր միջոցներից մեկը:
Հայերենի իմացությունը բարելավելու և լեզվապահպանության գործում մեծ ավանդ ունի նաև 100-ամյա պատմություն ունեցող մանկավարժական բուհը:
1922 թվականին հիմնադրված Մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը ստեղծվել է 1930 թվականին, իսկ 1965 թվականին առանձնացել է բանասիրական ֆակուլտետը:
Հիմնադրման օրից, հանրապետության, ինչպես նաև սփյուռքի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շուրջ 90 տոկոսը եղել են բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ:
Ֆակուլտետը եղել և մնում է հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Այսօր էլ բազմահազար շրջանավարտներ հանրակրթական և բարձրագույն դպրոցի երախտավորներ են:
Շնորհավորում ենք հայերենի դեսպաններին՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ: Վստահ ենք, որ կշարունակեք ծավալել հայանպաստ գործունեություն աշխարհի բոլոր ծայրերում՝ կրթելով սերունդներ, որոնք նոր լեզուներ սովորելու և ճանաչելու հետ մեկտեղ, անարատ կպահեն մեր լեզուն ու խոսքը: