2012 թվականից փետրվարի 13-ը նշվում է որպես Ռադիոյի համաշխարհային օր: Ռադիոյի օր է ընտրվել ՄԱԿ-ի ռադիոյի մեկնարկելու օրը, որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշումից ընդամենը 1 տարի անց՝ 2013-ի նոյեմբերի 1-ին, հիմնադրվեց Մանկավարժական համալսարանի ռադիոն։ Առաջին համալսարանական ռադիոն կոչվեց Ֆամա՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունա-հռոմեական աստվածուհու անունով:
Արդեն մեկ տասնամյակ Ռադիո Ֆաման փորձ ձեռք բերելու յուրատեսակ հարթակ է բուհի Հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների և ՀՊՄՀ ավագ դպրոցի աշակերտների համար․ նրանք իրենց մասնագիտական առաջին քայլերը կատարում են հենց Ֆամայում։
«Ինֆոմոտիվ», «Եթե մայրիկ ես», «Աշխարհագրական թոփուբոհ», «Մասնագետ+» և այլն․ուսանողական, երիտասարդական, մշակութային և տեղեկատվական հաղորդումներ պատրաստում են նաև բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներն ու դպրոցի սաները։
Հաղորդումների շրջանակներում նրանք բարձրացնում են իրենց հետաքրքրող մասնագիտական, ուսանողական հարցերը, իսկ հեղինակային հաղորդումների՝ հարցազրույցների ընթացքում պարզում դրանց պատասխանները անմիջապես մասնագետներից։
Տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում ռադիոն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը։ Այն շարունակում է պահպանել իր ուսուցողական և դաստիարակչական նշանակությունը, ինչպես նաև մնալ աշխարհի ամենավստահելի և հասանելի մեդիաներից մեկը:
Մանկավարժական համալսարանը, ի դեմս Ռադիո ֆամայի աշխատակազմի, սիրով շնորհավորում է գործընկերներին, մաղթում անխափան եթեր, իսկ ուսանողներին ևս մեկ անգամ վստահեցնում՝ մենք Ձեզ միշտ սպասում ենք։